Ղազարոս և Նատալյա Աղայանների նվերը Թումանյան ամուսիններին Թեյախմության ավանդույթը հինԹիֆլիսիկենցաղի անբաժանելի մասն էր, ուստի և բոլոր ընտանիքները ձեռք էին բերում այդ արարողության համար անհրաժեշտ պարագաներ: Թանգարանի հուշային հավաքածուում կան բազմաթիվ այդպիսի իրեր. ինքնաեռներ, շաքար կոտրելու հարմարանքներ՝ մեծ ու փոքր, թեյի ճենապակե սպասքի հավաքածուներ, տարբեր տեսակի և ոճի բաժակներ և այլն: Դրանց թվում առավել հիշարժան է արծաթե սպասքի հավաքածուն, որը բանաստեղծի ստացած նվերներից մեկն է: Աղայան ամուսինների նվերն է Թումանյան զույգին:
Հովհ. Թումանյանի կյանքում քիչ թվով մարդիկ են պատահել, որոնց հետ կապը եղել է ավելին, քան ուղղակի ընկերական կամ մարդկային հարաբերությունները: Եզակիներից մեկը հայ գրող, մանկավարժ և հրապարակախոսՂազարոս Աղայաննէ: Վեհանձն հոգիների ջերմ բարեկամության և սրտառուչ հարաբերությունների բացառիկ օրինակ, որը շարունակվեց նաև հաջորդ սերունդների ընտանեկան շփումներում:
Նրանց ծանոթությունը տեղի ունեցավ, երբ երիտասարդ պոետ Հովհաննես Թումանյանը դեռ առաջին քայլերն էր անում գրականության մեջ: Ղ. Աղայանը՝ որպես գրականության ավագ սերնդի ներկայացուցիչ, առաջիններից ողջունեց նրա մուտքը գրական ասպարեզ: Եվ գրեթե առաջին շփումներից սկսվեց նրանց առասպելական ընկերությունը: 1902 թ. լրանում էր Ղ. Աղայանի գրական գործունեության 40-ամյակը: Նոր ձևավորված ավանդույթի համաձայն՝ գրողների միջավայրում առանձնակի տոնական տրամադրությամբ նշվում էր այդ իրադարձությունը: Եվ ահա մի երեկո, երբ թիֆլիսյան այգիներից մեկում հավաքված էր հայ մտավորական միտքը և վայելում էր Աղայան ընտանիքի կողմից մատուցվող ընթրիքը, անակնկալ ուներ Թումանյան զույգը: Օրն էլ ավելի նշանավոր և հիշարժան դարձնելու համար Աղայան ամուսինները նրանց նվիրում են արծաթյա այս հավաքածուն՝ հատուկ անվանական մակագրություններով: Դա 1902 թ. մայիսի 19-ն էր: Օլգա Թումանյանի հուշերում կարդում ենք. «Սովորաբար երեկոները երեխաներին տանում էիԱրծրունուայգին(Արծրունու թատրոնինկից) զբոսանքի: Երեկոները այս նույն այգում զրույցի էին հավաքվում և գարեջուր խմում Օհանեսը, Աղայանը, Պռոշյանը, Շիրվանը: Այս այգում 1902 թ., իր 40-ամյա գործունեության հոբելյանի օրը, Աղայանը ընթրիք տվեց իր ընտանիքի հետ: Այդ օրը նա ինձ նվիրեց արծաթե գավաթ իր ափսեով ու գդալով, իսկ Օհանեսին` արծաթե բաժակակալ ու գդալ, որոնք այժմ գտնվում են թանգարանում»:
Մինչ նշված իրերին անրադառնալը, նշենք մի քանի պատմական փաստ: Մասնագետների հավաստմամբ, Ռուսական կայսրությունում, հետևաբար և Թիֆլիսում, բաժակակալները կիրառության մեջ են մտել XVIII դարի վերջին, երբ ըստ վարվելակարգի տղամարդիկ թեյը խմում էին ապակե բաժակով, իսկ կանայք՝ ճենապակե: Քանի որ հարմար չէր տաք թեյը խմել բաժակով, ստեղծվեցին ապակե բաժակների մետաղե «զրահաշապիկներ»՝ բաժակակալներ: Հետագայում սկսեցին պատրաստել նաև փոքր բաժակակալներ՝ կանանց համար, որովհետև ըստ նույն վարվելակարգի, կանայք պիտի ավելի քիչ ուտեին և խմեին:
Թումանյանների հավաքածուն ներառում է.
Բաժակակալ արծաթյա՝ 84 հարգի, 145 գրամ քաշով, բերանի տրամագիծը՝ 6,8 սմ, ոտքի տրամագիծը՝ 6,3 սմ, բարձրությունը՝ 7,2 սմ, բռնակով՝ 8,3 սմ, ոսկեջրած, փորագրված զարդանախշերով: Վերին մասը ունի գլանի ձև: Ներքևի մասը լայնանում է՝ կազմելով ուռուցիկ գոտի, որը վերածվում է կլոր, հատած կոնի տեսքով ոտքի: Ուռուցիկ գոտու ամբողջ մակերեսի վրա փորագրված են ծաղկաթերթեր՝ ձևավորելով մեծ վարդակ: Կողքին ամրացված է հարցական նշանի ձև ունեցող կանթը, որի վրա ամրացված է փոքրիկ թասանման թիթեղիկ՝ բութ մատի համար: Բաժակակալի վերին մասի մի երեսին փորագրված են ծաղիկներ և տերևներ, մյուսին՝ ընծայագիր՝ «ՅԹ Ղ. Աղայեանից 19-19/V-02»:
Գդալ թեյի, արծաթյա, 25 գրամ, երկարությունը՝ 14,6 սմ, գդալիկը՝ 2,5 x 3,8 սմ: Ունի աստիճանաբար լայնացող քառանիստ պոչ՝ կոնով պսակված: Գդալը ներսի մասում ողորկ է, ոսկեջրած, դրսից զարդարված է փորագրություններով:
Գդալի պոչի ներքևի մասում դրոշմված են արծաթագործի կնիքը «ИП» և հարգը 84՝ կնոջ կիսադեմով: Այդ կնիքը պատկանում էր Ի. Պ. Պրոկոֆևի արհեստանոցին:
Առարկան հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 170/ԱԻԲ 105:
Վերին մասը ունի գլանի ձև: Ներքևի մասը լայնանում է՝ կազմելով ուռուցիկ գոտի, որը վերածվում է կլոր ոտքի: Հատակի և ոտքի ամբողջ մակերեսի վրա փորագրված են ծաղկաթերթեր՝ ձեւավորելով մեծ վարդակ: Կողքին ամրացված է հարցական նշանի ձև ունեցող կանթը: Վերին մասում փորագրված են ծաղիկներ և տերևներ: Մյուս կողմում փորագրված է ընծայագիր՝ «ՕԹՆատ. Աղայեանից՚ 19-19/V-02»: Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 170/ԱԻԲ 106:
Ափսե արծաթյա, ոսկեջրած, 100 գրամ, բարձրությունը՝ 1,5 սմ, տրամագիծը՝ 12 սմ: Կենտրոնում փորագրված են վարդակ կազմող ծաղկաթերթիկներ, իսկ եզրերին՝ ծաղիկներ: Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 170/ԱԻԲ 107:
Բաժակակալի ոտքի ներսում և ափսեի տակ դրոշմված են նույն արծաթագործ վարպետի՝ Սամուել Ֆիլանդերի կնիքը՝ «СФ» և հարգը՝ 84 այդ ժամանակաշրջանում կիրառվող կնոջ կիսադեմով:
Գդալթեյի, արծաթյա, 15 գրամ, երկարությունը՝ 11 սմ, գդալիկը՝ 2,3 x 3 սմ: Աստիճանաբար լայնացող քառանիստ պոչով՝ պսակված կոնաձև գնդիկով: Գդալի ներսը ողորկ է, ոսկեջրած, դրսից զարդարված է փորագրություններով:
Գդալի պոչի ներքևի մասում դրոշմված են արծաթագործի կնիքը «Г.С.» և հարգը 84՝ կնոջ կիսադեմով: Այդ կնիքը պատկանում էր Գ. Մ. Սբիտնևի արհեստանոցին:
Առարկան հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 170/ԱԻԲ 108:
Այս տվյալները նկատի ունենալով, կարող ենք եզրակացնել, որ իրերը արտադրվել են Պետերբուրգում և, հավանաբար, ձեռք են բերվել Թիֆլիսի հնավաճառների խանութներից մեկում:
1952 թ. սեպտեմբերի 25-ին ողջ հավաքածուն Թումանյանի այրին՝ Օլգա Թումանյանը, նվիրել է թանգարանին (ակտ N 5):