Հովհ. Թումանյանի կյանքի վերջին ամիսներն անցան Մոսկվայի Օստրոումովի անվան հիվանդանոցում: Բանաստեղծը ծանր, անբուժելի հիվանդ էր: Թիֆլիսի հայտնի բժիշկների ջանքերն արդյունք չտվեցին: «...Բժիշկները նորից հավաքվեցին խորհրդակցության: Գտան, որ բուժելու համար անհրաժեշտ է տանել Բեռլին` ռենտգենով բժշկելու: Որոշվեց Մոսկվայով գնալ Բեռլին, Սաղյանի ուղեկցությամբ»,- մտաբերում է Թումանյանի դուստր Նվարդը «Հուշեր և զրույցներ» գրքում:
1922 թ. դեկտեմբերի 23-ին Հովհ. Թումանյանը զավակների` Արեգի, Աշխենի, Նվարդի և բժիշկ Գ. Սաղյանի ուղեկցությամբ գնացքով մեկնեց Մոսկվա:
Մոսկվայում Թումանյանին դիմավորեցին բժիշկ Ասկարյանը, գրող Կարեն Միքայելյանը և տեղի հայերից ևս մի քանիսը: Նրան տեղափոխեցին հայտնի պրոֆեսոր Սպիժարնու կլինիկան, որը պատկանում էր Մոսկվայի համալսարանի վիրաբուժության ֆակուլտետին: Հիվանդին քննելուց հետո պրոֆեսորը գտավ, որ դրությունը շատ ծանր է: Բեռլին գնալը համարեց ավելորդ:
Թումանյանը մեծ հույս ուներ, որ Բեռլինում իրեն կօգնեն, իսկ երբ իմացավ, որ գնալն առայժմ հնարավոր չէ, տխրությամբ ասաց. «Մինչև լուսը մեզ հասավ, մութը վրա հասավ... Գնայինք, մի գիտության հովանավորության տակ ընկնեինք, լավանայինք, ափսո՜ս, էս էլ չեղավ...» (Նվարդ Թումանյանի հուշերից):
Հիվանդանոցում հայրիկին խնամում էին Աշխենն ու Նվարդը, իսկ Արեգը զբաղվում էր դրսի գործերով: Այս օրերի՝ բանաստեղծի և իր զավակների «ապրումների լուռ վկան» կարելի է համարել Թումանյանի՝ հիվանդանոցում օգտագործած թեյի բաժակը, որը խնամքով պահվել է ընտանիքում: Այն այսօր թանգարանի հիմնական ցուցադրության նյութերից է:
Ճենապակյա բաժակը սպիտակ է, կոնաձև, կրկնատակով ու նուրբ բռնակով: Բռնակի վերևի մասը ամրացված է հորիզոնական դիրքով` ուղիղ անկյան տակ աստիճանաբար կորանալով, ներքևի մասով միանում է բաժակին: Կրկնատակը ընդգծված է ոսկեջրած եզրագծով:
Բաժակն ունի եզրազարդ. փիրուզագույն հիմքի վրա դասական ժապավենային երկրաչափական ոսկեջրած զարդանախշով ( չափսերն են` բարձրությունը 4,5 սմ; պռունկի տրամագիծը 7,3 սմ; կրկնատակի տրամագիծը 5,5 սմ):
Պնակի տակը լայն է` ընդգծված ոսկեջրած եզրագծով. կողերը թեթև գոգավորված են և ունեն նույն եզրազարդը ( չափսերն են` տրամագիծը` 13 սմ, կրկնատակի՝ տրամագիծը` 7 սմ):
Բաժակի վրա բացակայում է արտադրողի մակնշումը:
1939 թվականին բանաստեղծի այրին` Օլգա Թումանյանը, բաժակը պնակով հանձնել էր Հայաստանի Գիտություների ակադեմիայի Գրականության թանգարանին:
1952 թվականին, երբ Երևանում կազմակերպվում էր Հովհ. Թումանյանի թանգարանը, համաձայն 1952 թ. մայիսի 5-ի № 4 ակտի, բանաստեղծի կյանքի վերջին օրերին օգտագործած բաժակը հանձնվել է թանգարանին: