Հովհ. Թումանյանի երևանյան թանգարանի հուշային մասում՝ բանաստեղծի աշխատասենյակում ցուցադրվում է մի արձանախումբ, որն իրենից ներկայացնում է ցուլի և նրան հենված երիտասարդ մերկ աղջկա պատկեր: Քանդակը երկար տարիներ իր տեղն է ունեցել բամբուկե գրադարակի վրա: Այն ներկայացնում է հին հունական հայտնի առասպելի մի դրվագ՝ «Եվրոպայի առևանգումը»:
Ուղղանկյունաձև սև հարթ հենարանի վրա տեղադրված է հսկա ցուլը՝ գլուխը դեպի վեր ուղղած, որին հենված է երիտասարդ կինը՝ մերկ, երկար մազերը ուսերին իջած, աջ ձեռքը պարզած ցուլի մեջքի երկայնքով, ձախը ծալած. ձախ ոտքը դրված է կլորավուն քարի վրա: Արձանախումբը պատրաստված է երանգավորված գիպսից. ցուլը՝ սև, աղջիկը՝ բրոնզագույն: Անհայտ հեղինակի աշխատանք է, ունի գործարանային մակնշում հենարանի ետևի կողին՝ եռաթև սիմվոլիկ պատկեր և «760 JAMK»: Հենարանի ներքին մակերեսը կավագույն է: Քանդակի հենարանի վրա ամրացված է արծաթյա շեղանկյուն թիթեղիկ հետևյալ փորագրությամբ. « Յովհաննէս Թումանեանին մի խումբ երիտասարդ գրողներից 19 - 14/1 - 17»:
Իրի նվիրաբերության մասին հուշեր է թողել գրող, դերասանՊահարեն(Հայկ Պետրոսյան).
«1917 թվականի հունվարի 14-ն էր: Մի ցուրտ, ձյունատարափ երեկո, Հովհաննես Թումանյանի անվանակոչության օրը: Երկու տասնյակից ավելի երիտասարդ գրողներ հավաքվել էինք մեր ընկերներից մեկի բնակարանը, որը գտնվում էր Բեհբության փողոցի N 60 շենքում, այն տան մեջ, ուր ապրում էր նաև անվանի վիպասանՇիրվանզադեն: Գնել էինք ցուլի մի սիրունիկ սև արձան՝ բրոնզե աղջիկը վրան թիկնած, ոսկե ժապավենի վրա մակագրել. «Սիրելի Հովհ. Թումանյանին մի խումբ սկսնակ գրողներից»:
Որովհետև բոլորս միասին չէինք կարող գնալ շնորհավորելու՝ հարցը հեշտությամբ լուծեցինք հետևյալ ձևով: Մեր խմբակում ունեինք ընդամենը երեք կին գրող, բանաստեղծուհիներ՝ Լեյլի, Արմենուհի Տիգրանյան և Վարսենիկ Աղասյան, ուստի նրանց հանձնարարեցինք արձանը տանել և մատուցել Թումանյանին, որի բնակարանը գտնվում էր մեր հավաքատեղիին մոտիկ, իսկ մենք սպասում էինք:
Շատ չանցած՝ մեր պատգամավորների վերադարձի փոխարեն գալիս է Թումանյանի պատգամավորը՝ իր հետ բերելով մի սպառնական հրավեր.
– Եթե բոլորդ չգաք՝ նվերը ետ կուղարկեմ:
Ավելի քան քսան հոգի, իրար ետև թաքնվելով, ամոթխած ու անհամարձակ, մարմարե աստիճաններով բարձրանում ենք Վոզնեսենսկայա փողոցի N18 տան երրորդ հարկը: Դուռը բացվում է, և մենք ցրտից ու ամոթից կարմրատակած մտնում ենք Հովհ. Թումանյանի լուսավոր դահլիճը:
Աղմուկն ու իրարանցումը սաստկանում են մի պահ, ապա մեղմանում, դառնում զվարթագին:
Թումանյանն ինքն է մոտենում մեզ, յուրաքանչյուրիս թևից բռնած տեղավորում սեղանի շուրջը: Պարում են: Թև-թևի տված քոչարի են թռչում Թումանյանը, Շիրվանզադեն,Զորավար Անդրանիկըև ուրիշներ: Հետզհետե ընտելանում, բացվում ենք, մասնակցելով ընդհանուր խրախճանքին»:
Գրող Ստ. Զորյանն իր հուշերում նույնպես պատմում է այդ օրվա մասին՝ փոքր-ինչ շփոթելով ժամանակը. «Երիտասարդ գրողներս էլ անմասն չմնացինք Թումանյանի 50-ամյակին (Գրողի 50-ամյակը լրացել է 1919թ. ): Նվիրեցինք նախ սեղանի մի բրոնզե արձան – մի ցուլ, որին հենած հանգստանում է հերարձակ մի կույս: Թե ի՞նչ էր խորհրդանշում այդ նվեր-արձանը և ի՞նչ առնչություն ուներ բանաստեղծի ստեղծագործության հետ՝ ես մինչև այսօր դժվարանում եմ հասկանալ, բայց հիշում եմ, որ այդ օրերին դրանից ավելի ճաշակով բան չգտանք Թիֆլիսում, և նվերը բանաստեղծի տուն տանելիս ահ ու դողի մեջ էինք, թե, եթե Թումանյանը հանկարծ ցանկանա իմանալ այդ նվեր-արձանի իմաստը, ի՞նչ պատասխան պիտի տանք: Ու որոշեցինք ասել. «Պարզապես զարդ է, ուրիշ ոչինչ»... Բայց, բարեբախտաբար, այնպես պատահեց, որ Թումանյանը մեզ նեղ կացության մեջ չդրեց»:
Արձանախումբը պատկերում է Հին հունական դիցաբանությունից վերցված մի լեգենդ, ըստ որի՝ հայտնի է, որ Եվրոպանեղել է Փյունիկիայի թագավոր Ագենորի դուստրը: Նրան սիրահարվում է Քրոնոսի որդի շանթարձակ հզոր Զևսըև որոշում տիրանալ: Զևսը փոխակերպվում է ոսկե ցոլքեր արձակող, մի հիասքանչ ցուլի: Հնազանդորեն պառկելով պարտեզում ընկերուհիների հետ զվարճացող արքայադստեր ոտքերի առաջ՝ կարծես խնդրում է մոտենա իրեն: Եվրոպան, ոչինչ չկասկածելով, ուրախ-զվարթ նստում է վրան: Հենց այդ պահին ցուլը մի ակնթարթում վեր է թռչում տեղից, սլանալով նետվում ծովը՝ իր հետ տանելով օգնություն աղերսող Եվրոպային: Զևսը դելֆինի պես լող է տալիս ծովի կապուտակ ջրերում և ափ դուրս գալիս Կրետե կղզում: Եվրոպան Զևսի համար ծնում է երեք որդի: Որպես սիրո առհավատչյա՝ Զևսը Եվրոպային է նվիրում երկնային Ցուլի համաստեղությունը:
Հայտնի նկարիչներ և քանդակագործներ տարբեր դարաշրջաններում անդրադարձել են Զևսի և Եվրոպայի առասպելին, ինչպես օրինակ՝ Տիցիանը, Ռեմբրանդտը, Վերոնեզեն, Բուշեն, Ռուբենսը, Դալին, Սերովը, Մատիսը, Բոտերոն, Թոքմաջյանը և շատ ուրիշներ:
Քանդակը 1952 թ. թանգարանին է նվիրել բանաստեղծի կինը՝ Օլգա Թումանյանը:
Իրը հաշվառաված է՝ ԳԳԹԹ 5/ՀԲ1, ցուլի երկարությունը՝ 40 սմ, աղջկա բարձրությունը՝ 29 սմ, հենարան՝ 32X15x3, արծաթյա թիթեղ՝ 7 x 1,5 - քաշը՝ 10 գ, հարգը՝ 84: