Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանիայս գողտրիկ կտավը թանգարանի հավաքածուի ուշագրավ առարկաներից մեկն է: Նկարիչը ստեղծել է այն դեռևս երիտասարդ հասակում և առաջին անգամ ներկայացրել է հանրությանը 1917 թվականին Թիֆլիսում կազմակերպված ցուցահանդեսում: Սա այն սակավաթիվ իրերից է, որոնց ձեռք բերման պատմությունը հայտնի է: Այդ մասին կարդում ենք վրաց անվանի նկարիչԼադո Գուդիաշվիլու«Իմ հանդիպումը և ծանոթությունը բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ» հուշերում. «Հանկարծ Երևանյան հրապարակի կողմից երևաց մեկը, որ գալիս էր ցուցահանդեսի ուղղությամբ: Հովհաննես Թումանյանն էր: Ես և Սաշան սաստիկ հետաքրքրված հետևեցինք, թե ուր է գնում բանաստեղծը: Դե, իհարկե, նա մտավ մեր նկարների ցուցահանդեսը: Մենք իսկույն հետևեցինք նրան:
Նա շատ ուշադիր որոնում էր նկարների հեղինակներին, մենք առանց երկար մտածելու որոշեցինք մոտենալ և ծանոթանալ մեծ բանաստեղծի հետ: Բանաստեղծը շատ գոհ էր մեր բարեկամության և միատեղ կազմակերպած ցուցահանդեսի համար: Կարճատև զրույցից հետո բանաստեղծը խնդրեց Սաշային ընկերակցել իրեն միասին դիտելու մեր նկարները: Նա կանգ առավ Բաժբեուկ-Մելիքյանի «Տաճարի տոնը» մեծ նկարի առաջ, երկար նայեց այդ նկարին, որից հետո հարցրեց հեղինակին, թե ինչիցն է, որ փոքր նկարներում ավելի զուսպ են տրված լույսի էֆեկտները, քան այս մեծ կտավի վրա, որտեղ, սակայն, ավելի ուժեղ են զգացվում լույսն ու ուրախությունը, որոնք բնորոշ են մեր երկրին: Իմիջիայլոց, բանաստեղծին դուր եկավ Բաժբեուկ-Մելիքյանի «Հայուհու գլուխը» էտյուդը, որը նա գնեց ցուցահանդեսում»:
Ըստ Բաժբեուկ-Մելիքյանի դստեր՝ Զուլեյխայի հուշերի՝ նկարիչը շատ դժվար էր բաժանվում իր ստեղծագործություններից. «Ապրում էինք աղքատ, գրեթե սովյալ կյանքով, իսկ հայրիկը մերժում էր գնորդներին: Չսիրված աշխատանքներ չուներ, այդպիսիք ոչնչացնում էր: Նկարակալը նրա համար սրբություն էր, աշխատում էր արագ, կրքոտ, մի շնչով: Ավարտելով նոր գործը՝ պահում էր սնդուկի մեջ և ոչ ոքի չէր ցույց տալիս, հետո կամ ընդունում էր այն, կամ մերժում և ոչնչացնում: Եթե ընդունում էր, պատին կախված մի այլ նկար հանում էր, փոխարենը կախում այս նորը: Հին կտավը զրկվում էր իր տեղից և ոչնչացվում, քանի որ սենյակը փոքր էր և պատերին հնարավոր էր տեղավորել միայն 110 աշխատանք: Կյանքի վերջում նրա կտավների քանակը նույնն էր՝ 110: Հետագայում, երևի, զղջում էր իր այդ անողորմ վերաբերմունքի համար: Մինասին հղված իր նամակում գրել է. «Խորհուրդները, իհարկե, ձանձրալի են, բայց թույլ տվեք այնուամենայնիվ մի խորհուրդ տալ. երբեք մի բաժանվեք ձեր լավագույն գործերից, հետագայում ցավալի ափսոսանք կապրեք»:
Կարող ենք ենթադրել, որ երիտասարդ նկարիչը միայն և միայն ակնածանքի զգացումից ելնելով չէր մերժել անվանի բանաստեղծին: Եվ հիմա մեր թանգարանում պահվում է նկարչի ևս մեկ կտավ՝ ի լրումն նշված 110-ի:
Մասնագետները նշում են, որ նրա աշխատանքները հիմնականում փոքրածավալ են, հագեցված լույսով և գունեղ երանգներով: Կանանց դիմանկարները առանձնանում են անհատական գծերի շեշտադրմամբ և ներաշխարհի արտահայտչությամբ: Հենց այդպիսին է ներկայացվող «Հայուհու գլուխը»: Նկարում պատկերված է երիտասարդ մի կին. դիմադեմ, մինչև ուսերը, արտահայտիչ սև նշաձև աչքերով, սև ուղիղ մազերով՝ հավանաբար, ծոծրակին հավաքած, սանրվածքը հերաբաժնով, ճակատին շեղ հերափնջով, որը ծածկում է աջ ունքը: Քիթը ուղիղ և արտահայտիչ է, նուրբ վարդագույն երանգով մաշկը լույս է ճառագում: Նկարի ֆոնը արված է վարդագույնի և շագանակագույնի տարբեր երանգներով, որոշ տեղերում երևում է կտավը՝ առանց վրձնահետքերի: Գեղանկարի գույները թանձր են, վրձնահարվածները՝ արտահայտիչ: Ներքևի ձախ անկյունում հեղինակի ստորագրությունն է. «Б.-Меликян»:
Կտավը ձեռք է բերվել Թումանյանի ընտանիքից 1989 թվականի հունիսի 20-ին N257 ակտով (1000 ռ.), հաշվառանիշը՝ ԹԹԳԳ1409/ԿԲ458 (կտավը՝ 26x22 սմ, շրջանակի արտաքին եզրը՝ 31x26,5 սմ, ներքին՝ 24,5x20,5 սմ):
Մի փոքր քնարական զեղում և հիշողություն...
Թումանյանների երևանյան հյուրասենյակը ժամանակին շատ ավելի խորհրդավոր էր և հագեցած բազմաթիվ իրերով, որոնք բանաստեղծի դուստրը՝ Թամարը, որ թանգարանի տնօրենն էր, հերթով հանձնում էր թանգարանին: Դրանցից էր և մի փոքր, բայց շատ ուշագրավ և արտահայտիչ կանացի դիմանկար, որ սենյակ մտնելուն պես աչքի էր ընկնում: Ենթադրում էի, որ նկարում պատկերված է բանաստեղծի դուստրերից մեկը՝ երիտասարդ հասակում, շատ հետաքրքիր էր նաև, թե ով է կտավի հեղինակը: Միշտ ուզում էի հարցնել այդ մասին Թամար Թումանյանին, բայց թե ամաչկոտ էի, թե հարմար պահ չէր ստեղծվում, այդպես էլ չդիմեցի նրան: Վերջապես, մի օր Թամար Հովհաննեսովնան բարձրացավ թանգարանի հուշասենյակներ, որ ցույց տա՝ որտեղ կախենք այդ դիմանկարը: Իհարկե, ավելի հարմար առիթ չէի ունենա նրան դիմելու ինձ հուզող հարցով: Եվ որքան մեծ էր զարմանքս, երբ իմացա, որ նկարում պատկերված աղջնակի ով լինելը անհայտ է: Իսկ կտավի հեղինակն է տաղանդաշատ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանը: Ապա Թամար Թումանյանը ավելացրեց, որ շատ է սիրում այդ դիմանկարը և դժվարությամբ է բաժանվում դրանից (նա հանձնեց աշխատանքը թանգարանին իր վախճանից երեք ամիս առաջ): Մինչ օրս էլ նկարը ցուցադրվում է Թումանյանների սեղանատանը, և ամեն անցնելիս հիշում եմ այն կախելու պահը: