Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՄՆՋԱԽԱՂ

Տարիքը - Խաղը նախատեսված է ցածր և միջին դասարանների երեխաների համար:

Բնույթը - Թիմային խաղ է: Փոքրիկ թղթերի վրա գրվում են կարճ, խաղարկային հատվածներ Հ. Թումանյանի տարբեր հեքիաթներից և լցվում մի տուփի մեջ:

Նպատակը - Հ. Թումանյանի հեքիաթների հանրահռչակում: Խաղի նպատակն է մնջախաղի միջոցով հուշել հեքիաթը և գուշակել վերնագիրը:

Տևողությունը – 30 րոպե:

Բացատրությունը - Յուրաքանչյուր թիմից հերթով մեկ խաղացող մոտենում, տուփից վերցնում է մեկ թղթիկ, կարդում հատվածը և իր թիմին փորձում է բացատրել ժեստերով և միմիկայով /մնջախաղ/: Եթե թիմը գուշակում է հեքիաթի վերնագիրը, ստանում է երկու միավոր: Եթե ոչ` ապա հակառակորդ թիմն է փորձում գուշակել նույն հեքիաթը, և հաջողության դեպքում մեկ միավոր ստանում է այդ թիմը: Խաղը շարունակում է այն թիմը, որը միավոր է ստացել:

 
«ՔԵՌԻ ՔՈՒՉԻՆ Հովհաննես Թումանյանի թանգարանում»

Հովհաննես Թումանյանի թանգարանը փոքրիկների համար մերօրյա այցելության նախընտրելի վայրերից մեկն է: Ուստի թանգարանի կրթական գործունեության բաժնի պատասխանատուները մշակել են «Քեռի Քուչին Հովհաննես Թումանյանի թանգարանում» խաղ-էքսկուրսիան` նախադպրոցական տարիքի երեխաների համար` նկատի ունենալով վերջիններիս ընկալելու առանձնահատկություններն ու հետաքրքրությունները:

Փոքրիկները թանգարան մտնելուն պես հանդիպում են թումանյանական հերոսներից Քեռի Քուչիին:

Վերջինս էլ էքսկուրսավարի հետ միասին կազմակերպում է երեխաների` անակնկալներով, փորձություններով, առաջադրանքներով հագեցած շրջայցը: Ճամփորդությունը սկսվում է Լոռվա ձորով. ուր հայտնվում են գեղեցիկ բնության գրկում և լսում լեռնային բնության զարմանահրաշ ձայները, ապա շարունակում են ճանապարհը դեպի Թումանյանի ծննդավայր` Դսեղ, որտեղ ծանոթանում են գյուղական կենցաղին ու աշխատանքներին, լինում են փոքրիկ Հովհաննեսի սիրելի վայրերում, խաղում նրա սիրելի խաղերը և այլն:

Դիտելուն զուգընթաց Քեռի Քուչին պատմում է մի քանի արկած չարաճճի Հովհաննեսի մանկությունից, իսկ երբ հասնում են «Շունն ու Կատուն» ներկայացնող մանրակերտին, Քեռի Քուչին հիշում է իր հետ պատահած դեպքը, որից, ճիշտ է, անցել է 131 տարի, բայց շարունակում է անգդակ մնալ: Երեխաներն էլ նրա խնդրաքով սկսում են փնտրել «գող կատվին», որպեսզի ետ վերցնեն մորթին:

Իսկ այդ ընթացքում փոքրիկները հայտնվում են հեքիաթային աշխարհում, որտեղ «Քազ Նազարը» իր արկածներից է պատմում, «Անխելք մարդը» իր բախտից է բողոքում, «Անբան Հուռին», թե «Բանն ինչ կանեմ կեղտոտ է, բամբակը կորիզոտ է» և այլն: Քեռի Քուչին պատմում է նաև այն ամենի մասին, թե ինչեր է արել Հովհ. Թումանյանը երեխաների համար, իսկ նա ինչե~ր ասես, որ չի արել, գրել է մանկական ստեղծագործություններ, կազմել է դասագիրք ու մանկական ամսագիր, և ամենաանսպասելին այն է, որ ստեղծել է նաև միտքը զարգացնող խաղեր:

Նկատի ունենալով փոքրիկների ցանկությունները, մենք խաղում ենք Թումանյանի կազմած խաղերից որևէ մեկը, նպատակ ունենալով խաղի միջոցով գիտելիք փոխանցել հայկական հանելուկների, հայոց գետերի, գույների, տառերի և այլնի մասին: Օրինակ` Քեռի Քուչին ասում է հանելուկը, իսկ երեխաները գուշակում են: «Էն ինչն է, ինչ, ինքը հողի մեջ, միրուքը շողի մեջ»: Երեխաները միանգամից պատասխանում են. «Ըըը~...գազա~րը»:

Երեխաների համար ամենասպասված պահը Թումանյանի հետ անակնկալ «հանդիպումն» է «Վերնատան» աշխատասենյակում: Ապա, հրաժեշտ տալով` շարունակում են իրենց ճանապարհը դեպի Թիֆլիսի «Սբ. Համբարձման» փողոց` Թումանյանների բնակարան, նրան կրկին հանդիպելու ակնկալիքով: Մնում է բարձրանալ աստիճաններով և հայտնվել չափազանց խորհրդավոր միջավայրում: Այստեղ Քեռի Քուչին պատմում է պատմություններ Թումանյան հայրիկի, բոլոր երեխաների համար մտահոգ, ուրախ, ընկերասեր, հյուրասեր, բարձրաճաշակ, ընթերցասեր մարդու մասին:

Արկածներով լի զվարճալի զբոսանքի վերջում երեխաները գտնում են մորթին, որից անչափ ուրախանում են, քանի որ կարողանում են օգնել «Քեռի Քուչիին»:

Այսպիսով, «Քեռի Քուչին Հովհաննես Թումանյանի թանգարանում» խաղ-էքսկուրսիան հնարավորություն է տալիս մեր փոքրիկ այցելուներին հաճույք ստանալուն զուգընթաց նաև իրենց տարիքին համապատասխան գիտելիքներ ձեռք բերել:

 
ԻՄ ՏՈՀՄԱԾԱՌԸ

Ծրագիրը նախատեսված է ընտանեկան խմբերի համար, քանի որ այն ենթադրում է ընտանիքի տարբեր սերունդների հաջորդական կապը: Ծրագիրը կազմված է 3 փուլից:

1-ին փուլում մասնակից ընտանեկան խմբերին ներկայացվում է տոհմածառի զարգացման պատմությունը:

2-րդ փուլում ներկայացվում է Հ. Թումանյանի տոհմի վերաբերյալ առկա ավանդությունները, նրա գրի առած տվյալներն ու իրականացրած ուսումնասիրությունները:

3-րդ փուլում մասնակից ընտանիքը ներկայացնում է իր կազմած սեփական տոհմածառը:

 
«ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ ինտերակտիվ ներկայացում»

Խաղը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար: Թանգարանում գործող Ռոտոնդա թատերախմբի դերասանների և փոքրիկ հանդիսատեսի համատեղ մասնակցությամբ բեմադրվում է վերոհիշյալ հեքիաթը:

Տևողությունը - 30 րոպե:

 
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԿԱԶՄԱԾ ԽԱՂԵՐԸ

ա/ «Հայկական առածների լոտո» – նախատեսված դպրոցական միջին տարիքի երեխաների և բոլոր մեծերի համար:

բ/ «Տառերի խաղ, կամ սրամիտ հովիվը» - նախատեսված դպրոցական ցածր և միջին տարիքի երեխաների և բոլոր մեծերի համար:

գ/«Հայոց գետեր» - նախատեսված դպրոցական միջին և բարձր տարիքի երեխաների և բոլոր մեծերի համար:

դ/«Թանկագին քարեր» - նախատեսված դպրոցական միջին և բարձր տարիքի երեխաների և բոլոր մեծերի համար:

ե/«Դդում» - նախատեսված դպրոցական ցածր և միջին տարիքի երեխաների և բոլոր մեծերի համար:

 
«ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑ ամառային ճամբար»

Թիրախային լսարան - 6-11 տարեկան երեխաներ

Որտեղ - Հովհաննես Թումանյանի թանգարանում, աշխատանքային ընթացքը՝ թանգարանի ամառային այգի

Խումբ - առավելագույնը 20 հոգի

Տևողությունը - 6 ժամ (10:30-16:30)

Նկարագրությունը - Հովհաննես Թումանյանի թանգարանում տարիներ շարունակ գործող «Բզեզի դպրոց» ամառային ճամբարը եռամսյա ծրագիր է, որի սկիզբը մեկնարկվում է յուրաքանչյուր տարվա հունիսի սկզբից և ավարտվում է օգոստոսի վերջին: Ծրագրին մասնակցել կարող են 6-11 տարեկան երեխաներ, ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից: Տարիների աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ ամառային դպրոց հաճախում են ԱՄՆ, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Քուվեյթից, Ավստրալիայից և այլ երկրներից ժամանած հետաքրքրասեր և կենսուրախ հայ մանուկներ: Ամառային դպրոցը, որի աշխատանքները ծավալվում են ողջ թանգարանի տարածքում, մասնավորապես՝ պտղատու ծառերով հարուստ ամառային այգում և դրան կից հարմարավետ պատշգամբում, գործում է չորսօրյա և վեցժամյա աշխատանքային գրաֆիկով:

Ծրագրի շրջանակներում մասնակից երեխաները հնարավորություն են ունենում տարաբնույթ զբաղմուքներով համատեղել օգտակարը հաճելիի հետ և արդյունքում ունենալ անմոռանալի ու հիշվող ամառային արձակուրդներ:

Ամառային դպրոցի ծրագրի հիմքում ընկած է Հովհաննես Թումանյանի մանկավարժական այն ցուցումը, որի համաձայն գիտելք ձեռք բերելու ամենահեշտ և հաճելի ճանապարհը խաղն է:

Խաղ-ուսուցման մեթոդի հիման վրա մշակված ամառային դպրոցի ծրագիրը ներառում է մտավոր և ֆիզիկական այնպիսի զբաղմունքներ, որոնք նպաստում են մարմնի և մտքի զարգացմանը: (Առողջ մարմին և առողջ հոգի):

 

Մասնավորապես՝ ծրագիրը ենթադրում է.

* Արտթերապիա (նկարչաթերապիա, երաժշտաթերապիա)

* «Հմուտ ձեռքեր» (օրվա թեմայի համաձայն՝ տարբեր նյութերից ու տեխնոլոգիաներով ձեռագործ աշխատանքների պատրաստում և վերջիններիս ցուցադրում)

* Հեքիաթաթերապիա (հեքիաթի ընթերցում, քննարկում և երեխաների մասնակցությամբ հեքիաթների բեմականացումներ)

* Երևակայական ճանապարհորդություն աշխարհի տարբեր երկրներով (մասնավորապես՝ Հայաստանով), ծանոթացում դրանց պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին, արվեստին)

* Ծանոթություն մշակութային տարբեր կենտրոններում գործող վարվեցողության կանոններին

* Տաղանդների բացահայտում և «Talent show»-ի կազմակերպում

* Խաղեր (բակային, տրամաբանական, ուսուցողական, այդ թվում նաև ծանոթություն Թումանյանի հեղինակած հայրենագիտական խաղերին, որոնցից են «Հայկական առածների լոտոն», «Հանելուկների խաղը», «Դդում» գույների խաղը և այլն)

* Ծանոթություն հայ մեծերի կյանքին ու գործունեությանը

* Թումանյանի հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի դիտում

* Վարպետաց դասեր և հանդիպումներ արվեստի և մշակույթի ներկայացուցիչների հետ

* Այցելություն թանգարաններ և մշակութային կենտրոններ, մասնակցություն թանգարանային կրթական ծրագրերին

* Ճանաչողական զբոսանքներ Երևանում

* Ամռան օրերին զովանալու հնարավորություն թանգարանի այգու կենտրոնում գտնվող ջրավազանում

* Ճաշ և քաղցր ընդմիջումներ (միրգ, քաղցրավենիք)

Նպատակ

* Զարգացնել մտավոր և ֆիզիկական ունակությունները

* Նպաստել աշխարհաճանաչողությանը

* Հետաքրքրություն ձևավորել հայրենիքի պատմության, մշակույթի նկատմամբ

* Խթանել գեղագիտական ճաշակի ձևավորմանը

* Տալ համապատասխան գիտելիքներ և հմտություններ

* Ներգրավվել թիմային աշխատանքի մեջ

* Ստեղծագործականության խթանում

* Ձևավորել թանգարան այցելելու մշակույթը

* Ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություն

* Թանգարան այցելությունը դարձնել ոչ միայն կրթության, այլև ժամանցի վայր

Անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և գիտաօժանդակ նյութեր - մանկական գրքեր, նկարելու պարագաններ, գրենական պիտույքներ, տրամաբանական և ուսուցողական խաղեր և այլ աշխատանքային պարագաններ

Ներգրավված անձինք - ծրագիրն իրականացնողներ (2 հոգի) և հրավիրյալ մասնագետներ