Հայաստան, 0002, Երևան

Մոսկովյան փող., 40 շենք

Հեռ. (010) 56 00 21; 51 60 21

Էլ. փոստ. museum@toumanian.am

Գրանցվեք և իմասցեք նորություններն առաջինը

ԱՍՈՒՅԹՆԵՐ

Լեզու

Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:

Մայրենի և պետական լեզուների կողքին հարևան ազգությունների լեզուն մինչև որ իր պատշաճավոր դիրքը չստանա մեր սովորող սերնդի մեջ, մենք միշտ կմնանք միմյանց չհասկացող «մենակ մարդիկ», միշտ կդատապարտենք միմյանց փոխադարձ անծանոթության պատճառով և միշտ էլ կզգանք նրանից ստացած վերքի կսկիծը:

Ժողովրդական լեզուն էներգիայի տնտեսության խնդրում հասնում է ծայրահեղ ժլատության. նա ժամանակի ընթացքում տաշում, մաշում, հեռացնում, կորցնում է ամեն բան, ինչ որ կարող է միայն ավելորդ բեռ լինել իրեն համար և երբեք անմիտ բառեր ու ձևեր չի սիրում պահել իր մեջ, էն էլ երկար դարերով:

.…ոչ մի լեզու, ինչքան էլ իր ազգային բնավորությունը պահի ու զարգացնի, չի կարող փոխառություններից ազատվել ու կղզիանալ: Ընդհակառակը, քանի զարգանա, էնքան շատ ավելի բարդ պահանջների պիտի պատասխանի և ավելի շատ ու առատ պիտի թե՛ առնի, թե՛ փոխ տա:

Եվ միշտ ավելի լավ է չունեցած բառը փոխ առնել, քան ճգնել անպատճառ ստեղծել կամ թարգմանել ու ֆրակը շինել պոչազգեստ, կոտլետը` կողիկներ կամ ռահատ-լոխումը` հանգստապատառ:

Անճիշտ կամ անշնորհք թարգմանությունները ավելի շատ են վնասում լեզվին, քան ուղղակի փոխառությունները:

Պատմության մեջ պատահում է, որ մի որևէ ազգ ենթարկվում է արտաքին մասսայական արշավանքի ու պարտության, և ինչպես հաղթող զորագնդերը ներս են խուժում հաղթված ազգի քաղաքները, շեներն ու տները, էնպես էլ հաղթող թշնամու լեզուն է ներս խուժում պարտված ու ջարդված ազգի լեզվի մեջ: Եվ նայած թե ինչքան է տևում էս վիճակը, էնքան էլ ծանր կամ թեթև են լինում հետևանքները` թեթև ազդեցություններից սկսած մինչև լեզվի ապազգայնությունը:

…մեր գաղութային լեզուն կմնա մի լեզու, որ ունի էն ամենաքիչը, մինիմումը, ինչ որ կարող է ունենալ մի որևէ լեզու, այսինքն` բառեր: Իսկ լեզուն բառեր ու բառերի շարան, բառերի «տերողորմյա» չի:

1 / 3

Please reload