Armenia, 0002, Yerevan

40 Moskovyan street

Tell: (010) 56 00 21; 51 60 21

Email: museum@toumanian.am

Subscribe and get the news first

STORY-FESTIVAL

Այն բոլոր ոլորտները, որոնցով զբաղվել է Հովհ. Թումանյանը, թանգարանի հետաքրքրության և ուսումնասիրման կենտրոնում են: Դրանց մեջ կա մի անկյունաքարային ոլորտ, որից սկսվում է յուրաքանչյուր ժողովրդի մշակույթը, որտեղ ակնհայտ արտացոլված են տվյալ ժողովուրդի հոգեկերտվածքն ու բարոյական նկարագիրը: Դա բանահյուսությունն է` մեծ հեքիաթագրի բանահավաքչական գործը, որը հիմք դարձավ նրա հրաշալի հեքիաթների, հայկական էպոսի մշակման և ընդհանրապես նրա գրական և հասարակական ժառանգության համար: Գավառից գավառ շրջելով և ծերունիներից գրի առնելով ժողովրդական պատումներ, զրույցներ, Հ. Թումանյանը փրկել է մշակութային ժառանգության  ամենանուրբ արժեքը` ժողովրդական իմաստուն խոսքը:

Գրավոր խոսքի ի հայտ գալով, բանավոր կերպով փոխանցվող առասպելները, հեքիաթները, ասքերը, էպոսները, որպես ազգային և համամարդկային մշակութային կոթողներ վտանգվեցին: Ճիշտ է, դրանք գրի առնվելով, առաջին հայացքից, ավելի ապահով կերպով են պահպանված, բայց կորսված է բանահյուսական նյութի  բանավոր վերարտադրման անհատական, կենդանի, ռիթմիկ, զգացմունքային որակը, իսկ բանահյուսական նյութի ամբողջ հմայքը հենց դրանց մեջ է:​

Թանգարանի կազմակերպած «Երկնքից երեք խնձոր ընկավ…» մրցույթ-փառատոնի առաքելություններից մեկը սա է: Կա նաև մեկ այլ խնդիր` հնչեցնել հայկական լեռնաշխարհի ամենատարբեր բարբառները, որոնց պահպանումը կամ կործանումը միմիայն մեր ձեռքում է:  Այս երկու հիմնական ելակետերից ուղղորդվելով` փառատոնը համարվում է հեքիաթասացության և բարբառի պահպանության մրցույթ-փառատոն:

Մենք երախտապարտ ենք մեր փառատոնին բարբառով հեքիաթ ներկայացնող հեքիաթասացներին, հատկապես այն բարբառների կրողներին, որոնք այսօր չունեն աշխարհագրական հիմք:

Թանգարանը տոնին մասնակցելու և իրենց մայրենի լեզուներով հեքիաթ պատմելու հատուկ առաջարկ է անում նաև Հայաստանում բնակվող ազգային համայնքներին:

Այսպիսով՝ փառատոնի նպատակն է.

  • Վերակենդանացնել հեքիաթասացությունը, իբրև  բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց:

  • Մոռացությունից փրկել հայոց բարբառները, հատկապես այն բարբառները, որոնք այսօր  չունեն աշխարհագրական  կենսունակ հայրենքի/ Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները/:

  • Ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը և նպաստել մշակութային երկխոսությանը:

ՓԱՌԱՏՈՆԻ ԱՐԽԻՎ
  • 4-րդ մրցույթ-փառատոն, 2012թ

  • 3-րդ մրցույթ-փառատոն, 2011թ

  • 2-րդ մրցույթ-փառատոն, 2010թ.

  • 1-ին մրցույթ-փառատոն, 2008թ.