Ուսումնասիրման առարկան Հովհ. Թումանյանի գեղեցիկ կենցաղավարությունը բնութագրող իրերից մեկն է՝ այցեքարտերի տուփ՝ պատրաստված սանդալ ( 檀香) ծառատեսակի բնափայտից: Այն քառանկյունաձև է, բաղկացած երկու մասից՝ տուփ և հանվող կափարիչ: Չափսերը՝ 10,6x6,5x1 սմ, կափարիչը՝ 6,5x3,3x1 սմ:
Այցեքարտերի վերոնշյալ տուփը չինական փայտագործության բարձրարվեստ ստեղծագործության տիպիկ նմուշ է. վերջինիս ողջ մակերեսը զարդարող նուրբ, փորագիր կոմպոզիցիան աչքի է ընկնում իր գեղարվեստականությամբ և կատարողական վարպետությամբ: Այն ներկայացնում է տղամարդկանց կերպարներ՝ ուռենիներով շրջապատված պագոդաներում ( չին.՝ 寶塔, բաո-տա՝ «գանձերի աշտարակ», բազմահարկ պաշտամունքային կառույցներ)՝ արտացոլելով Մարդ-Բնություն-Հավատք օրգանական եռամիասնության գաղափարը:
Անձնական գործածության այս իրը տեսանելիորեն ուրվագծում է դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերից՝ փայտագործության զարգացման պատմությունը Չինաստանում, որտեղ այն սկիզբ է առել դեռևս Ք.ա. 2-րդ հազարամյակում և լայն ճանաչում ձեռք բերել 14-րդ դարում՝ Մին դինաստիայի օրոք:
Փայտի փորագրման արվեստը, սերտորեն շաղկապված լինելով չինական կիրառական արվեստի բազմաթիվ ճյուղերի հետ՝ իր էթնիկ մշակույթին բնորոշ տարրերով կիրառություն է ունեցել չինական ինչպես պաշտամունքային-պալատական, այնպես էլ՝ ժողովրդական կենցաղի գեղարվեստական ձևավորման մեջ:
Իսկ ե՞րբ և որտե՞ղ է առաջացել այցեքարտը:
Պատմական վկայությունների համաձայն՝ այցեքարտն ի հայտ է եկել Հին Չինաստանում դեռևս Ք.ա. 3-2-րդ դարերում: Սկզբնական շրջանում դրանք պատրաստվել են բամբուկից ու փայտից, իսկ ավելի ուշ՝ նաև մետաքսից ու թղթից: Կայսեր հատուկ հրամանով կարմիր թղթե այցեքարտերի վրա սև թանաքով նշվում էր չին պաշտոնյայի միայն անունն ու զբաղեցրած պաշտոնը: Այցեքարտը, որպես անձնական տեղեկատվության կրիչ, օգտագործվում էր մեկ այլ անձի հետ հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերելու համար տիրոջ վերաբերյալ տվյալներ փոխանցելու նպատակով:
Պատմական որոշ աղբյուրների համաձայն՝ Եվրոպայում այցեքարտը, որպես շփման էթիկետի անհրաժեշտ մշակութային տարր, ի հայտ է եկել Ֆրանսիայում: «Այցեքարտ» տերմինը ծագել է ֆրանսերեն՝ «visite» (այց) բառից, և առաջին պաշտոնական հիշատակումը վերաբերում է 17-րդ դարին՝ Լյուդովիկոս 14-րդի կառավարման տարիներին: Եթե սկզբնական շրջանում այցեքարտ ունենալու մենաշնորհը պատկանում էր բնակչության վերին խավին, ապա՝ ժամանակի ընթացքում ստանալով մասսայական բնույթ, դառնում է նաև միջին խավին բնորոշ պարտադիր ատրիբուտ՝ կիրառություն չունենալով հասարակության ստորին շերտում:
Այցեքարտի պատրաստումը արվեստի յուրահատուկ տեսակ էր: Ժամանակի լավագույն վարպետներն ապահովում էին դրանց շքեղ ձևավորումը՝ ըստ տիրոջ նախասիրության: Ընդունված չափորոշիչներին համապատասխան ձևավորում ունեցող այցեքարտերը, մատնանշելով այն կրողի լավագույն կողմերը, կարող էին պայմանավորել անձի սոցիալական դիրքն ու հաջողությունը:
Պոլիգրաֆիայի առաջընթացով պայմանավորված՝ սկսում են կիրառելի դառնալ նաև տպագիր այցեքարտերը: Պատմականորեն առաջին նմուշը պահպանվել է Գերմանիայում, որը թվագրվում է 1786 թ.:
Այսօր պայմանականորեն տարբերակում են այցեքարտի երեք տեսակ՝ անձնական (ընտանեկան), կորպորատիվ և գործնական:
Գործնական կամ անձնական հանդիպումների, խորհրդաժողովների, բանակցությունների, գործուղումների ժամանակ դրանցից յուրաքանչյուրը, անկախ իրեն բնորոշ առանձնահատկությունից և գործածության բնույթից, կատարում է որևէ մեկին կամ ապագա հաճախորդներին անձի կամ կազմակերպության կոնտակտային տվյալները փոխանցելու, գործունեության ոլորտի կամ մատուցվող ծառայությունների մասին մանրամասներ հաղորդելու գործառույթը:
Թեև այցեքարտի հայրենիքը Չինաստանն է, այցեքարտապանակը ծնունդ է առել Եվրոպայում շատ ավելի ուշ: Այցեքարտերը պահելու համար օգտագործում էին հատուկ տուփեր (փայտյա, փղոսկրյա, մետաղյա, այսօր նաև կաշվե, պլաստմասսե), որոնք աչքի էին ընկնում իրենց ուրույն ձևավորմամբ (ժապավեն, նրբակերտ ոսկերչական դետալներ, փորագրություն): Հետագայում այցեքարտերի համար արտադրվեցին նաև գրպաններից կազմված հատուկ գրքույկներ: Դրանց շապիկը սովորաբար երեսպատվում էր կաշվով և զարդարվում ուլունքներով, թավիշով կամ էլ թանկարժեք քարերով:
Ժամանակակից աշխարհում այցեքարտերի և այցեքարտարանների զանազանությունը փաստում է՝ դրանք չեն կորցրել արդիականությունն ու կիրառելիությունը:
Այցեքարտերի տուփը ձեռք է բերվել ընտանիքից 1980 թ. դեկտեմբերի 4-ի ակտով, հաշվառանիշն է ԹԹԳԳ853/ՀԲ914: