«Օհաննես աղան ունեցել է ճանապարհորդական արկղ, մեջը՝
ափսե, բաժակ, գդալ և այլ պարագաներ, որն իր հետ տանելիս է
եղել Ղարս, Ախալցխա կամ այլ վայրեր կռվի գնալիս:
Նա շարունակ Լոռուց դուրս պատերազմի է եղել»:
Նվ. Թումանյան
«Թումանյանի մանկությունը»
Հետաքրքրական զուգադիպությամբ Հովհաննես Թումանյանն իր պապի՝ քաջ զինվորական Օհաննես աղայի նման ևս ունեցել է ճամփորդական զամբյուղ: Այն բացահայտում է բանաստեղծ-ճամփորդի նախասիրություններից մեկը: Ստեղծագործող մարդու կյանքում Թումանյանը մեծ նշանակություն է տվել ճանապարհորդությանը՝ որպես նրա զարգացման և նորանոր տպավորությունների ձեռքբերման հիանալի հնարավորություն:
Բանաստեղծի համոզմամբ՝ «Ճանապարհորդելով մարդու և՛ աչքն է բացվում, և՛ սիրտը»: Հնարավորություն չունենալով ճամփորդելու՝ նա աշխարհը ճանաչեց գրքերի միջոցով, բայց անհնարինն էր անում ճամփորդելու հայրենի երկրի ամեն անկյուն: Ինչպես ինքն էր ասում՝ ամեն մի գրող պարտավոր է ծանոթ լինել իր հայրենիքին:
Իմաստուն ու բազմափորձ կյանքի ճանապարհին կատարած ուղևորությունների ընթացքում բանաստեղծ-ճամփորդի նպատակներից էր ժողովրդին, նրա բառ ու բանին, իր գեղարվեստական երկերի սկզբնաղբյուրին մոտ լինելը, բանահյուսական նյութեր հավաքելը:
Բանաստեղծի անձնական իրերի շարքում առանձնացող ճամփորդական այս զամբյուղը թույլ է տալիս ենթադրել, որ նվիրատուն՝ Մամիկոն Գրիգորյան, Թումանյանի՝ ճամփորդության նկատմամբ ունեցած սիրով էլ պայմանավորված կատարել է նվերի ընտրությունը:
Իրանի ամբողջ մակերեսը գոտևորում է թեթև ռելիեֆային վերջնարակային բազմագույն (պոլիքրոմ) նկարազարդումը. չորս ուղղանկյունաձև մեդալիոնները եզրազարդված են շրջանակով, որը կազմված է խամրած կանաչավուն ոլորագծերից՝ պսակված իրար հաջորդող վարդագույն և կանաչ բուսական ժանյակազարդերով (ֆեստոններով): Միմյանց հակադիր երկու մեդալիոնների կենցաղային տեսարանները ներկայացնում են պալատական ինտերիերում պատկերված կապույտ և վարդագույն հագուստներով տղամարդկանց և կանանց կերպարներ: Մյուս երկուսում սպիտակ հիմնագույնի վրա պատկերված են ծաղիկներ և վարդի թուփ՝ երփներանգ թռչունների ուղեկցությամբ: Մեդալիոնների միջև ընկած դաշտերը ևս աչքի են ընկնում իրենց նկարազարդումներով. ոսկեգույն ետնախորքի վրա արված ոճավորված բուսական զարդանախշերի կենտրոնում կլոր մեդալիոններ են՝ սպիտակ հիմնագույնի վրա թռչնի և վարդի թփի պատկերներով, ոսկեգույն շրջանակով երիզված, որոնց շուրջը պատկերված են չորս թիթեռ՝ բազմերանգ թևիկներով: Նրանց վերևում կարմրաթև չղջիկներ են: Թեթևակի թեքություն ունեցող ուսային մակերեսը ևս զարդարված է համանման պատկերներով. չորս օվալաձև մեդալիոնները հաջորդաբար ներկայացնում են ծաղկային և կենցաղային տեսարաններ՝ երկու տղամարդու կերպարով:
Իրար հակադիր կողմերում կան ճենապակյա ունկեր՝ յուրաքանչյուրը երկուական անցքով, որոնցով անցնող կարմիր թելով պարուրված երկու ճկուն մետաղալարերը ձևավորում են թեյամանի բռնակը: Իրանի վերին մասում տեղադրված սպիտակ քթիկի՝ դեպի ծայրը ոլորվող հատվածը զարդարված է վրձնանկարով: Թեյամանը ներսից պատված է ջնարակով: Հատակի արտաքին մակերեսին պահպանվել է սև տուշով արված ընծայագրի մի մասը. «Սիրելի Հովհաննեսին՝ Մամիկոն Գրիգորյանից 6. 02. 1919...» - շարունակությունը անընթեռնելի է:
Թեյամանն ունի բերանակալ. այն հիշեցնում է փոքրիկ խորունկ պնակ, որի հատակը զարդարում է սպիտակ հիմնագույնի վրա նկարված կարմիր վարդը՝ եզրազարդված բուսանախշերով՝ ոսկե հիմնագույնի վրա վարդագույն վարդերով և ոճավորված տերևներով: Ներքին կողմից՝ պնակի միայն հատակը պատված է ջնարակով: Ըստ երևույթին, բերանակալը ծառայել է նաև որպես շաքարաման:
Երկու գավաթ ճենապակյա՝ բարձրությունը՝ 5,5 սմ -5,7 սմ, տրամագիծը՝ 7 սմ, հիմքի տրամագիծը՝ 3,2սմ, 3,5սմ, առանց կոթերի և պնակների:
Գավաթներն ունեն հատած կոնի տեսք՝ կլորավուն հիմքից դեպի շուրթը լայնացող, փոքր նստուկով (կրկնատակ):
Ներսից ջնարակապատված են սպիտակ գույնով, իսկ արտաքին ամբողջ մակերեսի վրա տեսնում ենք թեյնիկի նկարազարդումներին համապատասխանող ձևավորում: Երկու սեղանաձև մեդալիոններում սպիտակ հիմնագույնի վրա պատկերված տեսարանները ներկայացնում են մարդկային կերպարներ և վարդի թուփ՝ թռչնապատկերի ուղեկցությամբ:
Գավաթները միմյանցից տարբերվում են միայն գունային թեթևակի երանգավորմամբ: Դրանցից մեկում գերակշռում է բոսորագույնը (կարմրադեղինը):
Այն շիվերից և ծղոտից հյուսված զամբյուղ է՝ օվալաձև հիմքով և ետգցովի կափարիչով:
Կափարիչի վրա և հատակին ձվաձև հյուսված շիվերը դասավորված են համակենտրոն շրջանակներով, իսկ իրանի մակերեսին՝ մեկը մյուսի վրա՝ սյունակով, որոնց արանքներով էլ անցնում է ծղոտե թելը՝ ձևավորելով շեղագծեր:
Կափարիչի կենտրոնական մասում ամրացված է շրջանաձև թիթեղ՝ օղակով, իսկ դրանից դեպի աջ և ձախ ամրացված են 4 ունկ, որոնց միջով անցնում են երկու կամարաձև մետաղալար, որոնք ծառայում են որպես բռնակներ: Մեկ բռնակը չի պահպանվել:
Կափարիչը զամբյուղին ամրացված է մետաղե ունկերի միջով անցնող երկու օղակների միջոցով:
Զամբյուղի առջևի կենտրոնական հատվածում՝ իրանի ամբողջ բարձրությամբ կլորավուն գլխիկներ ունեցող գամերի միջոցով ամրացված է պղնձե ժապավենաձև թիթեղ, որի մի մասը անցնում է հատակի վրա: Վերջինիս վրա սևաներկով դրոշմված է երկու հիերոգլիֆ (jīn shēng 金升), հավանաբար ապրանքանիշի անուն է: 金 և 升 միասին ինչ-որ նշանակություն չունեն, բայց առանձին վերցրած՝ 金 - ոսկի, նաև Ծին դինաստիայի Ծինն է այդ նույն հիերոգլիֆով գրվում, 升- վեր բարձրանալ, վերելք:
Կափարիչին ամրացված է փական, որի վրայի կեռիկը ագուցվում է ծխնուն: Ներսի կողմից՝ հատակի վրա մետաղյա ամրակի միջոցով ամրացված է մուգ մանուշակագույն աստառով վառ վարդագույն գործվածքից մկդագած ձվաձև բարձիկ:
Զամբյուղի ներսում կան բնիկներ՝ թեյնիկի և բաժակների համար, պատված վառ վարդագույն գործվածքով:
Չինական ճենապակու արտադրությունը ունի հազարամյա պատմություն: Այն առավել զարգացել ու կատարելագործվել է Ծին դինաստիայի ժամանակաշրջանում (1644-1912), երբ արդեն ձևավորվել էր չինական ճենապակու մի քանի «ընտանիք»՝ «կանաչ ընտանիք», «դեղին ընտանիք», «սև ընտանիք» և «վարդագույն ընտանիք»:
ճենապակու հիմնական արտադրությունը կենտրոնացված է եղել Ցզենդեչժեն քաղաքում:
Նկատի ունենալով վերոնշյալ հավաքածուի գունային և պատկերային ձևավորումները, նաև թիթեղի վրա արված մակագրությունը, կարող ենք փաստել, որ այն ստեղծվել է Ծին դինաստիայի ժամանակաշրջանում (XVII-XX դարեր) և պատկանում է չինական ճենապակու «վարդագույն ընտանքին» (չինարեն fen cai 粉彩), որը հաճախ անվանել են նաև «չինական ռոկոկո»: Այն իր անվանումը ստացել է հորինվածքում գերակշռող գույների շնորհիվ՝ նուրբ վարդագույն և կարմիր (բոսորագույն): Վարդագույն ներկի ստացման տեխնոլոգիան չինացիները փոխառել են Արևմուտքից: 1650 թ.-ին հոլանդացի քիմիկոս Անդրեաս Կասիուսն է ստեղծել վարդագույն ներկը, որի հիմքում կոլոիդային ոսկին է (ոսկու բյուրեղիկներ են): Այս ընտանիքի ճենապակայա իրերը բազմագույն են՝ զարդարված բնապատկերներով, կենցաղային, պալատական և դիցաբանական տեսարաններով, որոնք պատկերված են տարաձև մեդալիոնների մեջ: Էսքիզներն արվել են նշանավոր չին նկարիչների կողմից: Ուշագրավ է, որ չինական ճենապակին համարժեք է եղել ոսկուն և համարվել է թանկարժեք զարդ. երկար ժամանակ այն անվանել են Չինաստանի «սպիտակ ոսկի»:
1952 թ. սեպտեմբերի 25-ին ողջ հավաքածուն Թումանյանի այրին՝ Օլգա Թումանյանը, նվիրել է թանգարանին (ակտ N 5):
Առարկան հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ148/ ՀԲ 198: