Հովհ. Թումանյանն ուներ գեղարվեստի «վայելման մենաշնորհ». գեղեցիկը տեսնելու նուրբ զգացողությունն ու այն գնահատելու բացառիկ ունակությունը բազմաթիվ շնորհների ու ճոխ պարգևների հետ միասին բանաստեղծն ի վերուստ էր «առել»:
Թումանյանական աշխարհից «արտիստի աչք ունեցողների» ուշադրությանն ենք ներկայացնում բանաստեղծ-գեղագետի ներդաշնակ միասնությունն արտացոլող հետևյալ ճենապակյա ծաղկազարդ «գրատախտակը»:
Այն իրենից ներկայացնում է գրառումների համար նախատեսված քառանկյունաձև սալիկ (չափերն են՝ 4,5 x 8,5 x 13,5)՝ իրեն պահող հենակալով: Սալիկի դարձերեսը ջնարակապատ է, իսկ դիմերեսը պատված է անգոբով (բաց գույնի, նուրբ մշակված և ջրի մեջ լուծված կավե մածուկ), որի վրա հնարավոր է անել գրառումներ և նկարազարդումներ:
Այս գեղարվեստական նմուշի արտաքին մակերեսի ձախակողմյան հատվածը զարդարում և մինչև աջակողմյան անկյունն է տարածվում վարդագույն հովտաշուշաններից, կապույտ պսակաթերթիկներով դաշտային ծաղիկներից և օվալաձև տերևներից բաղկացած բազմագույն (պոլիքրոմ) էմալապատ կոմպոզիցիան: Այն լրացնում է ծաղիկների մեջ ճախրող թիթեռը, որի թևերից մեկը շագանակագույն է, իսկ մյուսն ունի նաև կապտադեղնավուն գունավորմամբ նախշեր: Սալիկի եզրերով անցնում է ոսկեգույն գոտի:
Գեղագիտական տեսանկյունից առանձնանում են նաև «գրատախտակի» հենակալի վրա գեղարվեստական հատման եղանակով արված ոսկեգույն երիզով գոտևորված ցանցկեն տերևաձև նախշերը:
«Վերնատան» աշխատասենյակի գրասեղանը զարդարող, աչքը շոյող այս իրը բանաստեղծն օգտագործել է հորիզոնական դիրքով՝ գրառումներ կատարելու համար, մինչդեռ 19-րդ դարում այն իր բուն նշանակությամբ (դիրքը` ուղղահայաց) եղել է սեղանի սպասքի՝ կիրառական և դեկորատիվ «զարդը» կազմող մշակութային յուրօրինակ տարր, որի վրա նշվել է նախապես կազմված մենյուն (ճաշացանկը):
Հետադարձ հայացքով փորձել ենք պարզել, թե երբ և որտեղ է այն առաջին անգամ ի հայտ եկել:
Պատմությունը վկայում է, որ ճաշացանկը գրի առնելու երևույթի սկզբնական արտահայտությունները կիրառվել են մեզանից մոտ 1000 տարի առաջ «թղթի հայրենիք» Չինաստանում՝ Սուն դինաստիայի օրոք: Մեկ այլ աղբյուրի համաձայն էլ՝ որպես նախատիպ՝ դիտարկվել են Հին Եգիպտոսում կավե սալիկների վրա հիերոգլիֆներով գրված բաղադրատոմսերը:
Ֆրանսիական ծագում ունեցող «մենյու» (ֆր. le menu) տերմինը, որը ծագել է լատիներեն “minutus” բառից, ենթադրում է տարատեսակ ցուցակների և ռեզյումեների համառոտ նկարագրություն: Վերջինիս առաջին սաղմերը, որպես՝ բացառապես պալատական տոնախմբությունների ժամանակ հյուրերին սպասվելիք համադամ ուտեստները ներկայացնող անհրաժեշտ հավելում, Ֆրանսիայում երևան են եկել 16-րդ դարի կեսերից: Սակայն ժամանակի ընթացքում մենյուն՝ ձեռք բերելով զանգվածային բնույթ, դարձել է ոչ միայն արքայական տան ու ազնվականների, այլև ընդհանուրի սեփականություն:
Ժամանակակից տարբերակով ճաշացանկը սկսել է կիրառվել 18-րդ դարից, իսկ 19-րդ դարից խոհանոցի ներքին փաստաթուղթը հաճախորդների համար ծառայել է որպես ճաշատեսակներն ու նրանց համապատասխան գներն իրազեկող գործիք: Ինչպես ասել է ֆրանսիացի խոհարար Ֆերնան Պուանին՝ մենյուն երեք գործառույթ է կատարում. «աչք է շոյում, ախորժակ գրգռում և հաճախորդին սպասվող ծախսերի մասին տեղեկացնում»:
Եթե 18-րդ դարավերջին Ֆրանսիայում ճաշացանկերը գեղեցիկ ձևավորմամբ գրի են առնվել գրատախտակի վրա և տեղադրվել ռեստորանի մուտքի մոտ, ապա 19-րդ դարասկզբին սկսել են ձևավորվել նաև անհատական ճաշացանկեր: Քմահաճ հաճախորդների ու հարգարժան հյուրերի գեղագիտական պահանջմունքները բավարարելու համար փարիզյան նշանավոր ռեստորանների ու սրճարանների սեփականատերերը ճաշացանկը ձևավորելու նպատակով հրավիրել են այնպիսի նշանավոր նկարիչների, ինչպիսիք են Ռենուարը, Պիկասոն, Բենուան և այլք:
Այսպիսի մանրակրկիտ մոտեցման համար ուղենիշ է եղել «ռեստորանը սկսվում է մենյուով» կամ «մենյուն ռեստորանի այցեքարտն է» գաղափարախոսությունը:
Մենյուների մեծ մասը այդ ժամանակաշրջանում ձեռագիր են եղել և պատրաստվել են տարբեր նյութերից՝ ստվարաթուղթ, մետաքս, պապյեմաշե, թղթե ժանյակ, ճենապակի, հախճապակի:
Վերադառնալով Թումանյանին պատկանող ցուցանմուշին՝ կարելի է ենթադրել, որ այն ֆրանսիական Լիմոժ քաղաքում արտադրված ճենապակու օրինակ է: Լիմոժը, իր բարձրորակ ճենապակյա իրերի արտադրությամբ արժանանալով ֆրանսիական «ճենապակու մայրաքաղաք» կոչվելու տիտղոսին, աշխարհին ճանաչելի է դարձել դեռևս 18-րդ դարի 70-ական թթ.-ից քաղաքից ոչ շատ հեռու գտնվող կաոլինյան կավի (սպիտակ կավ, որը կազմում է կարծր ճենապակու հիմքը) հանքավայրի հայտնաբերումից հետո:
Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ այսօր էլ բացառիկ այդ գեղարվեստական նմուշները, կազմելով թանգարանային կամ անհատական հավաքածուների մասը, իրենց կատարողական վարպետությամբ շարունակում են գրավել գեղեցիկը գնահատողների ուշադրությունը:
«Գրատախտակը» թանգարանին նվիրել է բանաստեղծի ընտանիքը 1985 թ. հոկտեմբերի 25-ին (ակտ № 228), հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 996/ ՀԲ 2536: