Անվանի ռուս (ծագումով գերմանացի) քանդակագործ Նիկոլայ Իվանովիչ Լիբերիխի (1828-1883) ստեղծագործական ժառանգությունը խորհրդանշում է շատ կարևոր մի ժամանակաշրջան ռուսական բրոնզե արձանագործության պատմության մեջ:
Լիբերիխն իր կյանքի կեսը նվիրել է զինվորական ծառայությանը: Կավե և մոմե կերպարների ստեղծումն ի սկզբանե նրա համար պարզապես հոբբի էր, որով ապագա հայտնի քանդակագործը զբաղվում էր ազատ ժամանակ: Այնուամենայնիվ, ավելի ուշ նա ավելի լրջորեն մոտեցավ այս գործին՝ բավարար ժամանակ հատկացնելով դրան՝ սովորելովԿայսերական արվեստի ակադեմիայում/ Императорская Академия художеств/՝ հայտնի քանդակագործ Պ.Կ. Կլոդտի ղեկավարությամբ: Փորձառու ուսուցչի շնորհիվ Լիբերիխը շուտով հասավ զգալի հաջողությունների և հայտնի դարձավ լայն հասարակությանը: 1861 թ.-ին «Որսորդական տեսարաններ» քանդակների հավաքածուի համար նրան շնորհվեց ակադեմիկոսի կոչում: Անիմալիստական կոմպոզիցիաներից (արջեր, շներ, ձիեր, գայլեր, նապաստակներ և այլն) և որսորդական տեսարաններից բացի նա ստեղծեց մի շարք՝ քիչ հայտնի, բայց բացառիկ նշանակալի գործեր, որոնք պատվիրվել էին մասնավոր անձանց և կայսերական պալատի կողմից:
Լիբերխը ստեղծեց շատ օրիգինալ կոմպոզիցիաներ, որոնք հետագայում բազմիցս ձուլվեցին բրոնզով և թուջով: Լինելով հրաշալի հեծյալ և որսորդ՝ քանդակագործը իր դիտարկումները իրագործեց մի շարք որսորդական, ռազմական տեսարաններում, կենդանիներ պատկերող պատմություններում: Քանդակագործն ուներ մեծ ինքնատիպություն և եզակի ոճ, որում միահյուսվում էին ակադեմիական արվեստի դպրոցի ավանդույթներն ու բնության խորը ընկալումը: Երկար տարիների զինվորական ծառայությունը և դիտողականությունը քանդակագործին սովորեցել են նկատել առավել աննշան մանրամասներ, որոնք տեղի են ունենում որսորդական տեսարաններում, ռազմական գործողություններում կամ սովորական իրավիճակներում: Այս կենսական զգայունությունը վարպետին թույլ տվեց ստեղծել շատ իրատեսական քանդակներ, որոնք ճշգրիտ փոխանցում են պահի ուժը, կիրքը, պահի լարվածությունը: Որսորդից զատ նա որսորդական տեսարաններում մեծ ուշադրություն է դարձրել շներին և ձիերին: Դատելով պատկերված կենդանիների յուրաքանչյուր փոքր մկանի մանրակրկիտ գծագրությունից և նրանց բնորոշ կեցվածքից՝ Լիբերխը հիանալի գիտեր կենդանիների սովորույթները, նրանց շարժ ու ձևը՝ նրբանկատորեն ընդգծելով նրանց մարմնի կառուցվածքը:
Իր ստեղծագործական աշխատանքի համար վարպետը ստացավ մի շարք արժանի մրցանակներ: 1858-ին նա արժանացավ փոքր արծաթե մեդալի՝«Մազեպա»պատմական քանդակի համար: Մեկ տարի անց քանդակագործին շնորհվեց Գեղարվեստի ակադեմիայի ազատ համայնքի պատվավոր անդամի կոչում՝«Կոմս Ռժևսկու մահը»աշխատանքի համար:
Շատ հաճախ Լիբերիխի արձանիկների վրա կա «CAS. 3. 18..» դրոշմակնիքը, որը նշանակում է՝Կասլիի գեղարվեստական ձուլման գործարան (Каслинский завод художественного литья/) և ձուլման տարեթիվը: Ավելի քան հարյուր տարի Լիբերիխի գործերը ձուլվում են թուջից«Կասլի» գործարանում: Լիբերիխի քանդակները բազմիցս ձուլվել են ոչ միայն Կասլիի գործարանում, այլևՎերֆելի ֆաբրիկայում /Фабрика Верфеля, Սոկոլովի, Օվչիննիկովի, Սազիկովի գործարաններում, որտեղ կրկնօրինակվել են մեծ քանակությամբ թուջե և բրոնզե քանդակներ: Ռուս քանդակագործի գործերը թանգարաններում քիչ թվով են, դրանց մեծ մասը կենտրոնացած է մասնավոր հավաքածուներում: Վարպետի պայծառ և ինքնատիպ գործերը այսօր մեծ հետաքրքրություն են ներկայացնում կոլեկցիոներների համար:
Ոչ միշտ է Լիբերիխի կողմից ստեղծված արտադրանքների վրա դրվել հեղինակի դրոշմակնիքը: Դա պայմանավորված է նրանով, որ այն ժամանակ շատ աշխատանքներ նշվում էին ձուլարանի կնիքով, մինչդեռ հեղինակը մնում էր ստվերում:
Այնուամենայնիվ, Լիբերիխի մի շարք աշխատանքներ ակնհայտորեն տարբերվում են իրենց առանձնահատկություններով և նրա ազգանունով: Սովորաբար քանդակագործը ստորագրում էր իր քանդակների վրա. «Н. Либерихъ» կամ պարզապես «Либерихъ»: Երբեմն, ազգանունից բացի, նշվում էր նաև ստեղծման տարեթիվը:
19-րդ դարում քանդակի վրա հաճախ միայն հեղինակի անունը չէր նշվում, այլև նշվում էր, որ հատկապես նա է քանդակել: Լիբերիխի մոդելների հիման վրա ձուլված քանդակների վրա կան հենց այդպիսի դրոշմներ՝ «Лъпилъ Н. Либерихъ» կամ «Лъп. Н. Либерихъ»:
Հովհաննես Թումանյանի աշխատասենյակում փոքրիկ սեղանիկի վրա կենդանիների արձանիկների մի գեղեցիկ հավաքածու կա: Դրանց շարքում առանձնանում են Ն. Լիբերիխի երկու արձանիկ՝ անգլիական պոյնտեր ցեղատեսակի շան և սպանված վարազի:
1.Պոյնտեր շան արձանիկ
Անգլիական պոյնտեր որսորդական շան արձանիկ՝ թուջ, ձուլածո, սնամեջ (բարձրությունը՝ 17 սմ, երկարությունը՝ 37 սմ, լայնությունը՝ 17 սմ, քաշը՝ 3 կգ): Շունը նստած է՝ գլուխը բարձր, հայացքը՝ դեպի առաջ, առջևի աջ ոտքը առաջ է մեկնած, ձախը՝ ծալված է: Վզին վզակապ կա, որի վրա ոճավորված տառատեսակով փորագրված է քանդակագործի անունը. «Н. Либерихъ»: Առջևի ձախ ոտքի տակ գործարանային երկու դրոշմակնիք կա. Առաջինը` ձուլարանի մակնիշը՝ «КАС. З 1888», երկրորդը` ձուլող վարպետի անունը՝ «В. САМОЛИН» :
Բանաստեղծի այրու՝ Օլգա Թումանյանի նվերն է թանգարանին՝ Ակտ N 5, 25.09.1952 թ.:
Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 25 /ՀԲ 22:
2.Սպանված վարազի արձանիկ
Վարազի արձանիկ՝ բրոնզ, ձուլածո, սնամեջ (բարձրությունը՝ 4 սմ, երկարությունը՝ 18,5 սմ, լայնությունը՝ 14 սմ, քաշը՝ 1 կգ): Պատկերում է սպանված, աջ կողքի վրա պառկած վարազի: Արձանիկի աջ կողը հատված է, պատկերված են դունչը, ականջները, չորս ոտքերը՝ գրեթե ամբողջական: Մազածածկույթը, աչքերը, ականջները և մարմնի մնացած մասերը աչքի են ընկնում ցայտուն մանրակրկիտ մշակմամբ: Վզի հատվածի տակի մասում փորագրված է. «Фабр. ВЕРФЕЛЬ», իսկ ոտքի վրա՝ «ЛЪП. ЛИБЕРИХЪ»: Ծառայել է է որպես սեղանի վրայի թղթերը ցրվելուց, այս ու այն կողմ թռչելուց պահպանելու հարմարանք (пресс-папье):
Բանաստեղծի այրու՝ Օլգա Թումանյանի նվերն է թանգարանին՝ Ակտ N 5, 25.09.1952 թ.:
Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 36 /ՀԲ 32: