Արտիստի աչք ունեցող, գեղեցիկի մեծ սիրահար Հովհ. Թումանյանը տիրապետում էր կիրթ հագնվելու նուրբ արվեստին...Թե՛ արվեստում և թե՛ կյանքում մեծ գեղագետը առաջնային տեղ էր տալիս ճաշակին՝ ասելով. «Ճաշակը կյանքի բույրն է»...
Քայլելով ժամանակի նորաձևությանը համահունչ` Թումանյանը, այնուամենայնիվ, կարևորում էր ինքնուրույն և ինքնատիպ ոճ կերտելու շնորհը (ունակությունը): Սիրելով պարզն ու գեղեցիկը՝ նախընտրում էր հագուստի անգլիական ոճը. գրական հավաքույթներին ու հանդեսներին ներկայանում էր դասական գույների և ձևերի գրագետ համադրությամբ՝ սև կոստյումով և սպիտակ օձիքով: Այն առավելագույնս ներդաշնակվում էր նրա սլացիկ կազմվածքին ու զգայուն ներաշխարհին: Ուստի պատահական չէ, որ բանաստեղծն իր ազնվական կեցվածքով ու արտաքինով անծանոթ մարդկանց վրա հաճախ թողնում էր օտարերկրացու տպավորություն, մասնավորապես՝ անգլիացու:
Հակումներով՝ արևելցի, իսկ կենցաղում եվրոպացի բանաստեղծ-գեղագետը տանն էլ կրում էր արևելյան ոճի երկարափեշ խալաթ` «եվրոպական տուֆլիներ»-ով. դրանք այսօր էլ տարիների հեռվից շարունակում են գրավել մեր ուշադրությունը:
Ուսումնասիրության ենթակա վերոնշյալ տնային կոշիկը, կամ այլ կերպ ասած մուճակը, ոչ միայն լրացնում էր Թումանյանի ամենօրյա արիստոկրատ կերպարը, այլև ժամանակ առ ժամանակ վերածվում էր բեմական կոշիկի. այն հայտնվում էր Թիֆլիսի հայոց դրամատիկական թատրոնի հայ դերասանների ոտքերին` շեքսպիրյան Համլետի դերակատարման ժամանակ, ինչպես օրինակ՝ Կ.Պոլսից Թիֆլիս տեղափոխված երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանի:
Աչքի ընկնող այս տնային կոշիկը գործարանային արտադրանքի է և ներկայացնում է նավակի ձև ունեցող կոշիկի տիպը (լոդոչկա):
Այժմ ծանոթանանք դրա ստեղծման պատմությանը:
Դեռևս 18-րդ դարում կոշիկի այս տեսակը պատրաստվել է բացառապես սև լաքապատ հորթի կաշվից և առանձնացել իր կրունկով ու արծաթե ճարմանդով:
Այն կազմել է Արևմտյան Եվրոպայի ազնվական նորաձևության կարևոր բաղկացուցիչ մասը՝ ծառայելով միմիայն որպես տնային կոշիկ: Վերջինիս նախատիպը եղել է պարզ, անկրունկ, սահուն կոշկատակով ոտնամանը, որի կրողները XV դարում եղել են պալատական ծառայողները:
19-րդ դարասկզբին ռեգենտության ժամանակաշրջանում (1811-1820 թթ. ռեգենտԳևորգ 4-րդի օրոք) Անգլիայի նորաձևության պատմության մեջ բեկումնային հեղաշրջում է կատարելՋորջ Բրամմելը՝ «դենդիզմ» կոչվող մշակութային շարժմամբ: Այն գռեհիկ ճոխության փոխարեն ենթադրում էր պարզ ու համեստ նրբագեղություն՝ վերնախավի կյանքի բոլոր ոլորտներում: Այս տրամաբանությամբ էլ նավակ կոշիկները, արծաթե ճարմանդի փոխարեն ձեռք բերելով մետաքսե ժապավենակապ, ստացել են երեկոյան դասական կոշիկի կարգավիճակ. դրանցով հաճախել են օպերային ներկայացումների, հանդիսավոր միջոցառումների և պարահանդեսների (այստեղից էլ կոշիկիopera pumps կամ opera slipper, court shoe,անգլերեն անվանումները):
Այս ոճի եզակիությունը նրա բաց ձևվածքի մեջ է, որը ոտքի չափը տեսողականորեն փոքրացնում է և ավելի նրբացնում:
Կոշիկի՝ հագուստի սև-սպիտակ կանոնակարգի մասը կազմող այս խիստ դասական տեսակը տեղին էր կրել ֆրակի, սմոկինգի և թիթեռնիկ-փողկապի հետ (white tie, black tie): Այս ոճի հռչակավոր երկրպագուների՝Նապոլեոն Բոնապարտի, Նապոլեոն III-ի, Էդուարդ VII-ի, Օսկար Ուայլդի,Ջորջ Բայրոնիև այլոց կողքին կանգնում է նաև Հովհաննես Թումանյանը: Նրա տնային կոշիկը կրկնում է անգլիական նավակաձև կոշիկին բնորոշ առանձնահատկությունները. այն ևս սև լաքապատ կաշվից է, անքուղ, ունի ցածր կրունկ և ռիպսե ժապավենակապ, միջատակի վրա սպիտակ ոճավոր տառերով դաջված է գործարանային մակնիշը «Américaine Shoe» («Ամերիկյան կոշիկ»): Չափսերը՝ ներբան-կոշկատակ՝ 8,5 x 28 սմ (համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 43 համարին), շրջագիծ՝ 66 սմ, ժապավենակապ՝ 6 x 28 սմ:
Եթե սկզբնական շրջանում նմանատիպ կոշիկը վերնախավի մենաշնորհն էր, ապա 19-րդ դարում մանուֆակտուրանների երևան գալով՝ դրանք դարձան հասանելի և մատչելի նաև հասարակության ավելի լայն շերտերին:
Հագուստի ձևի և գույների դասական համադրությամբ նավակաձև կոշիկի ժամանակակից տարբերակը՝ շնորհիվ իր լակոնիկ ու զուսպ ոճի, այսօր էլ շարունակում է պահպանել իր արդիականությունը: Այն կարևոր տեղ է զբաղեցնում բարձրաստիճան այրերի և, առհասարակ նրբաճաշակությունը գնահատողների հանդերձապահարանում: Նրանցից են՝ Բավարիայի արքայազն Մանուելը, Հունաստանի թագաժառանգ Պավելը, Ուելսի արքայազն Չարլզը, «The Gentleman's Gazette»-ի գործադիր տնօրեն և գլխավոր խմբագիրՍվեն Ռաֆայել Շնայդերըև այլք:
Մուճակը թանգարանին է նվիրել բանաստեղծի կինը 1952 թ. սեպտեմբերի 25-ի N5 ակտով, հաշվառված են թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 184/ՀԲ 123: