Պատմում են, որ Թումանյանը մրսկան մարդ էր: Նա սիրում էր կրակը, սիրում էր նայել կրակին ու խորհել, կրակխառնիչով բորբոքել այն, ասում էր՝ «կրակը ձմռան ծաղիկն է»: Բայց սա դեռ ամենը չէ: Ցուրտ եղանակին Թումանյանին կարելի էր տեսնել վերարկուի մեջ փաթաթված, ձեռքերն էլ՝ գրպանում: Գրպաններում նա ճապոնական արտադրության ջեռակներ էր պահում, որոնք ջերմությունը պահպանելու հետաքրքիր մեխանիզմ ունեին: Դրանց մեջ տաք ածուխ էր լցվում, որը մեղմ տաքացնում էր ջեռակի արտաքին մակերեսը՝ առանց այրելու ջերմացնելով ձեռքերը:
Հստակ տեղեկություններ չկան, թե որտեղից էր բանաստեղծը ձեռք բերել այս հետաքրքիր իրը: Հնարավոր է, որ դրանք Թումանյանին է նվիրել հայ արձակագիր, մանկավարժ Հեղինե Մելիք-Հայկազյանը: Մելիք-Հայկազյանը Անգլիայում և Ֆրանսիայում լավ կրթություն ստացած, շատ զարգացած և առաջադեմ կին էր, տիրապետում էր մի քանի եվրոպական լեզուների: Ամուսնացել էր ճանաչված հասարակական գործիչ Տիգրան Բեգզադյանի հետ: Նրանք ունեին մեկ դուստր՝ Վարյան: Հետագա կյանքը ամուսնու և դստեր հետ անց է կացրել Ֆրանսիայում: Թումանյանը մտերիմ էր նրա ընտանիքի հետ: Պահպանվել են նրանց միջև եղած որոշ նամակներ: Աբասթումանում հանգստանալու տարիներին Թումանյանը բազմիցս հյուրընկալվել է նրանց ամառանոցում, որտեղ արված լուսանկարները պահվում են թանգարանում, ինչպես նաև այդ ընտանիքի անդամների սալոնային լուսանկարները՝ բանաստեղծին հղված ընծայագրերով: Հեղինեն այն եզակի հայ մտավորականներից էր, ով ճամփորդել էր դեպի հեռավոր Արևելք՝ լինելով Չինաստանում և Ճապոնիայում: Իր տպավորությունները Չինաստանից նա ամփոփել է «Մանջուրական սահմանի վրա» (տուրիստուհու տպավորություններից) ակնարկում, իսկ Ճապոնիայի մասին գրել է «Մի պտույտ Ճապոնում» (իմ հուշերից և տպավորություններից) գիրքը: Հավանական է, հենց այդ ճամփորդության ժամանակ էլ նա ձեռք է բերել ջեռակները, որոնք հետագայում նվիրել է Թումանյանին:
Այս թեմային իրենց ուսումնասիրություններում առաջինը անդրադարձել են Աննա Վարդանյանը և Աստղիկ Հովհաննիսյանը: Ջեռակներն արտադրել է Օսակայում գործող Ջինջուդո ընկերությունը, որն ավելի քան 340 տարվա պատմություն ունի։ 1895 թ. կայսերական ընտանիքը հատուկ գովասանագիր է շնորհել նրանց այդ յուրօրինակ արտադրանքը ստեղծելու և շրջանառության մեջ դնելու համար:
Ջեռակների արտադրությունն ու գործածումն այսօր էլ շատ արդիական են Ճապոնիայում: Ժամանակի ընթացքում փոփոխվել և արդիականացվել են դրանց թե տեսքը և մեխանիզմը, թե տեսակները: Ջեռակներ սկսել են արտադրել ոտքերը և ամբողջ մարմինը տաք պահելու համար, դրանք հարմարավետ ձևով դրվում են կոշիկների մեջ և ներսի կողմից ամրացվում վերարկուին: Դրանք միանգամյա օգտագործման են: Մեր օրերում ջեռակները կարելի է մի քանի րոպե տաքացնել միկրոալիքային վառարանում և այն 12 ժամ շարունակ կարող է հաճելի ջերմություն ապահովել ձեր ամբողջ մարմնի համար: Այսօր Jinjudo ընկերությունը զբաղվում է յուղերի, փայտիկների, բույսերի տեսքով բնական բույրերի արտադրությամբ։
Jinjudo ընկերության ներկայացուցիչ պարոն Կատոյի արձագանքը Թումանյանի ջեռակների մասին.
«Գրպանի այս ջեռակները մեր ընկերությունը վաճառել է Մեիջիի ժամանակաշրջանից մինչև Շովայի վաղ շրջանը։ Ցավոք, մեզ մոտ չեն պահպանվել ջեռակների վերաբերյալ փաստաթղթեր և մենք չենք կարող դրանց մասին պատմող անհրաժեշտ մանրամասնություններ տալ։ Բայց ջեռակների վրա առկա գովազդային պիտակը հաստատում է, որ այն մեր ընկերության արտադրանքն է:
Մենք անչափ զգացված ենք, երբ պատկերացնում ենք, թե ինչպես են ջեռակները հայտնվել բանաստեղծի մոտ։ Մեզ համար մեծ պատիվ է այսքան երկար տարիներ հետո տեսնել մեր այսքան հին արտադրանքն այն էլ հեռավոր Հայաստանում։
Իսկ Թումանյանի զգայականությունը ես կարողացա հասկանալ այս մի գեղեցիկ բանաստեղծական արտահայտությամբ. «Կրակը ձմեռվա ծաղիկն է»։
Թումանյանի գրպանի ջեռակները բազմակի օգտագործման են, մետաղական (բազմաթիվ մանր կլոր անցքերով), ուղղանկյուն՝ կլորավուն կողերով, թեթևակի կորությամբ տուփի տեսքով, մուգ կանաչ թավշով պատված՝ կողի վրա ուռուցիկ կարով: Կափարիչը մետաղե թիթեղից է, եզերված բուսական զարդանախշով (կապույտ հիմքի վրա սպիտակ ծաղիկներ) ուռուցիկ գոտիով, որի վրա անգլերեն լեզվով նշված է արտադրման վայրը. «MADE IN JAPAN»: Կենտրանական դաշտը վառ կարմիր է, կենտրոնում արտադրողի մակնշում է՝ երկու ոճավոր ձվաձև մեդալիոնների տեսքով (սպիտակ հիմքի վրա կապույտ հիերոգլիֆներով), աջից և ձախից մակագրություն. «JINJIUDO - OSAKA»: Գոգավոր դաշտի կենտրոնում փակցված է թղթե կարմիր պիտակ՝ արտադրողի վերաբերյալ ճապոներեն և անգլերեն գրություններով: Ջեռակների ներսում՝ հատակից մեկ սանտիմետր բարձրության վրա կան ատամիկներ մխացող ածուխի ձողիկը վրան դնելու համար: Չափերը. տուփը՝ 12x7x2,3 սմ; կափարիչը՝11,5x2,3 սմ:
Պահպանվել է նաև ջեռակների վառելանյութը՝ թղթով փաթաթված ածուխի փոշու խտացված ձողիկներ, երկու միանման թղթե փաթեթ՝ յուրաքանչյուրում 10-ական ձողիկ: Փաթեթի չափերը՝ 17x11x2 սմ, փողիկի տրամագիծը՝ 1,5 սմ: Փաթեթի ողջ մակերեսին ճապոներեն գրություներ են՝ կարմիր, կապույտ և կանաչ հիերոգլիֆներով: Անգլերենով գրված է . «TRADE MARK - JUNJUDO» և «MANUFACTURED BY JINJIU-DO», և շրջերեսին՝ «JINJU-DO.THE OLDEST AND MOST WELL KNOWN INCENSE, JOSS-STICKS, SOAPS, KWAIRO AND KWAIROBI, (POCKET STOVES) MANUFACTURERS IN JAPAN».
Ջեռակները՝ ածուխի ձողիկների հետ միասին թանգարանին է նվիրել բանաստեղծի այրին 1957 թվականի փետրվարի 19-ի N48 ակտով, հաշվառանիշն է՝ ԹԹԳԳ353/ ՀԲ140-143: