Հարցին, թե երբ է առաջին արդուկը հայտնվել մարդու կենցաղում, դժվար կլինի պատասխանել: Եվ մենք, մեր իրերը արդուկելիս, նույնիսկ չենք էլ մտածում այդ մասին: Ոմանք կարծում են, որ առաջինարդուկի պատմությունը սկսվել է այն պահից, երբ հայտնվել է կտորից հագուստի արտադրությունը։
Սակայն դեռևս հին ժամանակներում, կենդանիների մորթին հարթեցնելու նպատակով մարդիկ օգտագործում էին մամոնտի հատուկ հղկված ոսկոր, այդ վկայում են նաև հնագետների տվյալները: Մ.թ.ա. 4-րդ դարում Հին Հունաստանում հայտնագործվել է կտորից կարված հագուստին մանր դարսեր տալու տեխնիկան՝ տաք մետաղաձողի օգնությամբ, որը նման էր գրտնակի։ Ինչպես նաև արդուկելու նպատակով հնում օգտագործել են տաքացված գլաքար։ Մինչև արդուկի ի հայտ գալը` Ռուսաստանում կտորն արդուկում էին նաև ածուխի վրա տաքացրած թավայով, գոգավոր փայտե տախտակից և գրտնակից կազմված հարմարանքով: Իրը, որն անհրաժեշտ էր արդուկել, փաթաթում էին գրտնակին և նրա վրայով տախտակ էին գլորում: Արդուկի մասին առաջին հիշատակումը գտնվել է ռուսական արքունիքի ծախսերի գրքում: Գրառումը 1636 թ. փետրվարի 10-ին էր արված: Նշված և նկարագրված 5 ոսկի արժողությամբ արդուկը պատկանում էր տաքացման ամենապարզ տեսակին: Այն կշռում էր 10 կիլոգրամ և միաձույլ էր:
16-րդ դարում Եվրոպայում սպիտակեղենը արդուկելու համար սկսեցին օգտագործել երկաթից պատրաստված տաք թիթեղներ, որոնց օգնությամբ հարմար էր հարթեցնել ծալքերը: Որպեսզի հարթեցնեն իրերը, նրանք սկսեցին օգտագործել տաք ջրով լցված ապակյա գնդեր կամ երկաթյա բաժակներ։
Առաջին երկաթե արդուկները հայտնվեցին ավելի ուշ, երբ առանձնահատուկ խնամք պահանջող ծալքազարդերը, ժապավենները մեծ կիրառություն ստացան։ Այդ ժամանակ այդպիսի արդուկները բավականին թանկ արժեին։ Ճոխ զարդանախշերով զարդարված` դրանք ինքաեռների հետ միասին ցուցադրվում էին հյուրերի մոտ: Տան մեջ արդուկի առկայությունը շեշտում էր տանտիրոջ բարեկեցությունն ու հարստությունը: 18-19-րդ դարերում արդուկներն իրենցից ներկայացրել են մետաղական կաղապար ունեցող առարկաներ, որոնք իրենց տեսքով նման են եղել մերօրյա արդուկներին։ Հնում արդուկները պատրաստել են հիմնականում չուգունից կամ այլ ծանր մետաղից։ Ավելի տարածված էին տաքացվող արդուկները, դրանք դրվում էին վառարանի վրա և տաքացվում։ 18-րդ դարի կեսերին հայտնվեցածուխի արդուկը, որը բացովի կափարիչ ուներ և որի մեջ այրվող քարածուխ էր լցվում։
19-րդ դարում ստեղծվեց առաջին սպիրտային արդուկը` պատրաստված Գերմանիայի վարպետների կողմից։ Նրանք կռահեցին, որ կարելի է արդուկի վերին մասին ամրացնել փոքրիկ թիթեղյա անոթ սպիրտով, որը փոքր քանակությամբ ջերմություն էր արձակում, դրանք արտաքին տեսքով նավթի լամպ էին հիշեցնում: Սպիրտի անբավարարության պատճառով այսպիսի նորարարությունը երկար չգոյատևեց: Երկար ժամանակ արդուկները ոչ բոլորին էին հասանելի և շքեղություն էին համարվում, քանի որ սպիրտային արդուկի փոխարեն ոչխարի մի ամբողջ հոտ կարելի էր գնել: Ռուսաստանում էլ սպիրտային արդուկը չգոյատևեց, քանի որ արժեքը բարձր էր` 10 ռուբլի, մինչդեռ Մոսկվայում բնակարան կարելի էր վարձել 5 ռուբլով, իսկ սովորական չուգունե արդուկը արժեր 1 ռուբլի:
Գրեթե միաժամանակ հայտնվեց գազային արդուկը, որը նման էր փոքրիկ գործարանի։ Ներսում վառելիքի փոքրիկ բաքին միացված այրիչն էր, կափարիչին տեղադրված է օդափոխիչ պոմպը, որը արդուկելու ժամանակ հեշտությամբ լարում էին բանալիով։ Նախքան աշխատանքին անցնելը` անհրաժեշտ էր տաքացնել բաքը, այնուհետև գոլորշին պոմպի մղումով մտնում էր այրիչի մեջ: Հաջորդ քայլը բոց առաջացնելն էր, և կարելի էր արդուկել:
Կային նաև ալյումինե արդուկներ, որոնք ստեղծվել էին ո՛չ թե արդուկելու, այլ գունավոր մետաղն արտասահման արտահանելու համար: Էլեկտրաէներգիայի հայտնագործման և տեխնիկայի զարգացման հետ մեկտեղ սկեցին արտադրել էլեկտրական արդուկներ: Դրանց աշխատանքի սկզբունքը էլեկտրատեխնիկայի տեսակետից հիմնվում է էլեկտրական հոսանքի անցման ժամանակ ջերմային էներգիայի առաջացման վրա: Որպես կանոն, արդուկի կառուցվածքը նախատեսում է հիմքին ջեռուցող տարրի հնարավորինս մոտ լինելը և ջերմամեկուսիչ նյութից պատրաստված բռնակի առկայությունը՝ այրվածքներից խուսափելու համար:
Ռուսաստանում արդուկներ սկսեցին պատրաստել 18-րդ դարում Դեմիդովյան գործարաններում: Առաջին սարքը, որը այն ժամանակ ստեղծել են արհեստավորները, եղել է ներդիրով, այն շիկացնում էին և դնում արդուկի մեջ։ Զգալի հաջողություն ունեցավ ածուխով արդուկը, որը նույնպես տաքացվում էր աշխատելուց առաջ. բացում էին կափարիչը և մեջը լցնում շիկացած ածուխ: Այն բավականին ծանր էր:
Արդուկների մեծ հավաքածու (ավելի քան 150) պահվում է Ուկրաինայի«Ռադոմիսլ ամրոցի»պատմամշակութային համալիրում։
Ռուսաստանի Յարոսլավլի մարզի Պերեսլավլ Զալեսկի քաղաքում կաԱրդուկի մասնավոր թանգարան՝ նվիրված կենցաղային արդուկների պատմությանը, որտեղ ներկայացված են 18-20-րդ դարերի արդուկների նմուշներ։ Թանգարանի հավաքածուում կա ավելի քան 200 արդուկ՝ յոթ հիմնական տեսակի. տաքացնող արդուկ, չուգունային տաքացնող միջուկով արդուկ, ածուխով արդուկ, շոգեարդուկ, սպիրտային արդուկ, գազային արդուկ, էլեկտրական արդուկ:
Ամեն ինչում առաջադեմ Թումանյանների տանը կային բազմաթիվ իրեր, որոնք նպաստում էին կենցաղը բարելավելուն, այդ թվում մի իր, որի միջոցով տիկին Օլգան ապահովում էր ողջ ընտանիքի մաքուր, խնամված, կոկիկ տեսքը: Դա ածուխի արդուկն էր: Սակայն տիկին Օլգայի նախախորհրդային շրջանի արդուկը, ցավոք, չի պահպանվել: Հետագայում ձեռք բերված սովետական արտադրության արդուկը ցուցադրվում է Թումանյանների տան պատշգամբում:
Արդուկ թուջե, կշռում է 3 կգ 978 գ: Բարձրությունը բռնակով՝ 21 սմ, երկարությունը՝ 21,8 սմ, լայնությունը՝ 10,8 սմ: Ունի սուր քթով նավակի տեսք, բարձր պատերով, որոնց ներքևի մասում կամարաձև հորիզոնական ճեղքեր կան. կողերին՝ երկուական և մեկը՝ ետևի մասում: Արդուկի աջ պատին /դեպի հետին պատը/ դաջված է 2 թվանշանը: Կափարիչը ետծալովի է՝ ատամնավոր եզրերով, քթի մասում՝ սողնակով: Կափարիչի ներսի կողմից դաջված է արտադրող գործարանի անունը՝Подольский государственный механический завод(Պոդոլսկի պետական մեխանիկական գործարան և 4 թիվը, հետևաբար արդուկն արտադրվել է ԽՍՀՄ-ում, Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում, թվագրվում է 1930-1950 թթ): Անշարժ սողնակ կա նաև հետևի պատի ճեղքի տակ: Ունի ժապավենաձև մետաղաձողից պատրաստված ձևավոր բռնակ՝ փայտե գլանաձև բռնատեղով, որը պտուտակներով ամրացված է արդուկի կափարիչին:
1975 թ. փետրվարի 19-ին Թումանյանի ընտանիքը արդուկը նվիրել է թանգարանին (ակտ N 156), հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 728/ՀԲ 826: