Հովհ. Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերում կարդում ենք, որ բանաստեղծը կյանքի վերջին տարիներին՝ քառյակների բուռն ստեղծագործական շրջանում, սիրել է ապրել արևելյան ոճով: Դա են փաստում նրա սենյակի գեղեցիկ ու որակյալ զարդարանքը կազմող ճապոնական, չինական, պարսկական զանազան նկարները, արձանիկներն ու արևելյան մշակույթը ներկայացնող այլ գեղեցիկ իրեր: Դրանք, լինելով Թումանյանի ստեղծագործական ոգևորությունների լուռ վկաներն ու ականատեսները, բացահայտում են նրա արևելյան գեղագիտական ընկալումների և նախասիրությունների լայն քարտեզը: Եվ այստեղ, Հեռավոր Արևելքի՝ «ծագող արևի երկրի» «պատվիրակը» սամուրայի կերպարանքով այս արձանիկն է: Այն պատմագեղարվեստական տեսանկյունից մեծ նշանակություն ունի ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստին ծանոթանալու, սամուրայների դարավոր ենթամշակույթը վերհանելու ու ներկայացնելու համար:
Ինչպես ծաղկող սակուրան (ծաղկած բալենի) ու իկեբանան (ծաղկի արվեստ), Նոն (ճապոնական թատրոնի հնագույն տեսակ) ու Ուկիյո-էն (փայտագրություն կամ քսիլոգրաֆիա), այնպես էլ սամուրայների դասակարգն ու բրոնզե մանրաքանդակները ճապոնացիների ազգային կենսաձևը, գեղագիտական ընկալումներն ու ավանդույթները ներկայացնող լավագույն բնութագրիչներն են:
Նյութի ուսումնասիրության համար կարևոր է համառոտ անդրադարձ կատարել սամուրայների ծագման պատմությանը:
«Սամուրայ» (ճապ. 侍) տերմինը ծագել է «սաբուրաու» (ճապ. 侍ふ)՝ «ծառայել» բառից: Ճապոնական հասարակության այս դասակարգն ի հայտ է եկել արքայազն Նակա-նո-օէնի նախաձեռնությամբ սկիզբ դրված Թայկայի բարեփոխումների (646 թ.) (ճապ. 大化の改新) արդյունքում: Եթե նրանք իրենց գոյության սկզբնական շրջանում կոչված են եղել ծառայելու Կայսերական պալատի անդամներին, ապա 12-րդ դարից սկսած սյոգունների (սամուրայական վարչակազմի գերագույն հրամանատար) տիրապետության տակ գտնվող ֆեոդալական Ճապոնիայում կազմել են երկրի ռազմական էլիտան: Միևնույն ժամանակահատվածում էլ կոնֆուցիականության հիման վրա ձևավորվել է նրանց բարոյական սկզբունքներն ամփոփող կանոնակարգը՝ «Բուսիդո»-ն («Մարտիկի ուղի»): Դրանում ընդգրկված դրույթներից են ազնվությունը, խիզախությունը, գթասրտությունը, կրթվածությունը, համեստությունը, արդարությունը, նվիրվածությունը, հավատարմությունը և այլն:
17-րդ դարից սկսած Էդո ժամանակաշրջանում (1603-1867) Մինամոտո-նո Յորիտոմո սյոգունի կողմից երկրում հաստատված երկարատև խաղաղության ու կայունության պայմաններում, երբ մարտարվեստի տիրապետումը կորցրել էր իր կարևորությունը, սամուրայներն առավելապես հանդես են եկել որպես ուսուցիչներ, ստեղծագործողներ կամ էլ պետական գործիչներ: Հենց այս շրջանում էլ ձևավորվել է հետևյալ ասացվածքը. «Սարերի մեջ առանձնանում է Ֆուջիյաման, մարդկանց մեջ՝ սամուրայը»:
19-րդ դարում՝ Մեյձիի ժամանակաշրջանում սամուրայները, զրկվելով իրենց լիազորություններից, միավորվում են հասարակության այլ շերտերի հետ: Սակայն նրանց ազդեցությունը մինչ օրս շարունակում է նկատելի մնալ ճապոնական մշակույթում, մասնավորապես՝ ժամանակակից մարտարվեստներում։
Թումանյանի անձնական հավաքածուում առկա բրոնզե արձանիկը առավել պատկերավոր է դարձնում սամուրայի հավաքական կերպարը: Այն իր գաղափարա-գեղարվեստական լուծումներով դեկորատիվ քանդակագործության «օկիմոնո» տեսակին պատկանող փոքրածավալ ստեղծագործություն է: Այս տեսակի առարկաները նախատեսված են եղել ճապոնական ավանդական բնակարանում հատուկ կառուցված որմնախորշերը (տոկոնոմա) կամ պաշտամունքային անկյունները զարդարելու համար:
Օկիմոնոները առանձնացել են իրենց սյուժետային բազմազանությամբ՝ աստվածությունների, պատմադիցաբանական կերպարների (Բուդդա, Կոնֆուցիոս, Բոդհիդհարմա) մարմնավորումից մինչև բնության ու կենցաղային տեսարանների պատկերներ: Դրանք մեծ մասամբ պատրաստվում էին փայտից, փղոսկրից, բրոնզից, արծաթից կամ էլ հաճախ դրանց համակցությունից:
Դեկորատիվ-կիրառական արվեստի այս տեսակը Ճապոնիայում տարածում է գտել Մեյձիի («լուսավորյալ օրենք») հեղափոխությունից (1867–1912) (ճապ. 明治維新, Meiji Ishin) հետո, երբ Մուցիհիտո կայսրի օրոք փակ ֆեոդալական երկիրը, Եվրոպայի և ԱՄՆ-ի ճնշման ներքո դուրս գալով ինքնամեկուսացումից, թևակոխել է ազատականացման և արդիականացման շրջափուլ: Արմատական բարեփոխումների այս շրջանում է, որ աշխարհի հետ առևտրական հարաբերությունների վերսկսման շնորհիվ, ճապոնացի առաջնակարգ մետաղագործ վարպետները (Միյաո Էյսուկի,Ակասոֆու Գյոկո, Յոսիմիցու, Օսիմա Ձյո, Սուձուկի Տյոկիտի) և գործող արհեստանոցներն (Կոմայի (駒井), Միյաո (宮尾),Նոգավա(能川) իրենց մետաղյա բարձրորակ և ինքնատիպ կերտվածքներով (ծաղկամաններ, վիշապներ, զինվորներ և այլն) կարողացել են մեծ պահանջարկ ստեղծել եվրոպացի և ամերիկացի սպառողների շրջանում՝ այդ կերպ և ճանաչելի դարձնելով մինչ այդ չբացահայտված Ճապոնիայի հազարամյա ավանդական մշակույթը:
Հետաքրքրական է, որ եթե արտաքին շուկայի համար նախատեսված արտադրանքի վրա վերավաճառողների ուղղորդմամբ վարպետների ստորագրության փոխարեն շատ հաճախ դաջվել է անհատ պատվիրատուների, կամ պատվիրատու ընկերությունների (հիմնականում խոսքը վերաբերում է «Կիրյու Կոսյո Կայսա» (起立工商会社) դեկորատիվ կիրառական արվեստի արտադրության արտահանմամբ զբաղվող պետական ընկերությանը) ապրանքանիշը, ապա ավելորդ ցուցամոլությունից զերծ մնալու ներքին չգրված օրենքի համաձայն՝ ազգային վերնախավի համար արտադրված դեկորատիվ-կիրառական արտադրանքը սովորաբար չի մակնշվել: Մեկ այլ սովորության համաձայն էլ վարպետները դրոշմել են իրենց կեղծանունները, որոնք վերջիններիս ստեղծագործական կյանքի ընթացքում կարող էին մի քանի անգամ փոփոխվել: Մեր ուշադրության կենտրոնում գտնվող արձանիկի ոտքին ևս տեսնում ենք հետևյալ հիերոգլիֆներից բաղկացած 渡 邊 製 գրվածքը, որը ճապոներենից թարգմանաբար նշանակում է «պատրաստված է Վատանաբեի կողմից»: Ենթադրվում է, որ վերջինս նույն ինքը՝ ճապոնական քանդակագործության ներկայացուցիչ Վատանաբե Օսաոն է: Նա ծնվել է 1874 թ. ապրիլի 2-ին Ճապոնիայի Կյուսյու տարածաշրջանում գտնվող Օիտա (ճապ.՝ 大分県) պրեֆեկտուրայում, քանդակագործի ընտանիքում: 1903 թ. ավարտում է Տոկիոյի գեղարվեստի դպրոցը: Յուրացնելով եվրոպական քանդակագործության նվաճումները՝ Վատանաբե Օսաոն իր ստեղծագործական կյանքի առաջին իսկ տարիներից աչքի է ընկնում իր նորարարական հմտությունների կիրառմամբ: Ցավոք, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կայսերական Ճապոնիայում ռազմական նպատակներով բրոնզե բազմաթիվ իրերի հետ միասին այս վարպետի շատ ու շատ գլուխգործոցներ ևս ենթարկվում են հալեցման և վերամշակման:
Հետաքրքրական է, որ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին ազգային հերոսներին, մասնավորապես սամուրայների մարտարվեստն ու նրանց ավանդույթները ներկայացնող բրոնզե քանդակների շարքը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև համաշխարհային արդյունաբերական ցուցահանդեսներում: Որոշ աղբյուրների համաձայն՝ սամուրայի նմանօրինակ ձուլածոների համար նախատիպ են հանդիսացել Միյաո գործարանի հիմնադիր վարպետ Միյաո Էյսուկիի աշխատանքները, որոնք պատրաստվել են բրոնզե ձուլման, դրվագազարդման և փորագրության եղանակով:
Այդ շարքին է դասվում նաև Թումանյանին պատկանող սամուրայ-արձանիկը: Ստեղծագործության հեղինակը սամուրային ներկայացրել է մարտական դիրքով կանգնած՝ սուր նիզակը ձեռքին, ոտքերը լայն բացած: Մուգ բրոնզից ձուլված հագուստը զարդարված է ոսկեզօծ նախշերով: Այն շրջանաձև է, որի մեջ տեսնում ենք հավերժ երիտասարդության և անսպառ ուժի խորհրդանիշ հանդիսացող բամբուկի ոճավորված պատկերը: Վերջինս ճապոներենում կոչվում է Տակե-մոն (竹紋) կամ Կակա-մոն (笹紋): «Մոն» կամ «կամոն» ընդհանուր անվամբ կոչվել են ճապոնական հասարակության սոցիալ-մշակութային տարբեր շերտերին (արիստոկրատներ, սամուրայներ, կրոնավորներ, գեյշաներ, արհեստավորներ, դերասաններ, առևտրականներ) բնորոշ խորհրդանիշները: Վերջիններիս համար նախադրյալ կարող էին դառնալ սերնդեսերունդ փոխանցվող ընտանեկան զբաղմունքները կամ էլ ազգանվան ու էմբլեմայի անվանման համահունչ հնչեղությունը. սակայն առավել խիստ կանոններ էին սահմանված սամուրայների համար, որոնց խորհրդանիշներ շնորհում էր սյոգունը (ռազմաֆեոդալական կառավարիչ):
Հաշվվում է շուրջ 240 տեսակի խորհրդանիշ՝ ավելի քան 5000 տարատեսակով և 6 հիմնական թեմատիկայով. լակոնիկ ձևավորում ունեցող կամոններն իրենցից ներկայացրել են փիլիսոփայական կատեգորիաների, բնության երևույթների, կենդանիների, բույսերի ու ծաղիկների, զենք ու զրահի երկգույն ոճավորված պատկերներ: Դրանք դրոշմվել են հագուստի, զենքի, վարագույրների, գահավորակի, անձնական այլ իրերի, մինչև անգամ դաջվածքի տեսքով՝ մարմնի վրա:
Հայտնի է, որ Գենրոկու կայսրի ժամանակաշրջանում, երբ առաջնային է դարձել շքեղությունը, կամոններով դրվագազարդման այս արվեստը առավել լայն տարածում է գտել: Որոշակի ընդհատումներով դրանց նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ հայտնվելով տարբեր մեծ ու փոքր ընկերությունների խորհրդանիշներում: Հետաքրքրական է, որ ժամանակակից Ճապոնիայում այսօր էլ կան մասնագիտացված խանութներ, որտեղից կարելի է ձեռք բերել անմիջապես պատվիրատուի կողմից ընտրված կամոնով (բացառությամբ Ճապոնական կայսերությունը խորհրդանշող 16 թերթանի քրիզանթեմի և դրոշի վրա արևի խորհրդանիշ հանդիսացող սկավառակի) դրվագազարդված հագուստ կամ էլ կախազարդ:
Վերադառնալով մեզ հետաքրքրող արձանիկի գաղափարագեղարվեստական նկարագրությանը, կարևոր է նաև ուշադրություն դարձնել սամուրայի բազմատարր հանդերձանքին: Զինվոր-արձանիկի հագին կա երկու մուգ շագանակագույն կիմանո: Երկար թևքերով կիմանոն դրված է տաբատի (հակամա) մեջ: Վերջինիս երկարությունը կարգավորվել է փողքերի մեջ անցկացված քուղերի միջոցով, որի արդյունքում էլ տաբատը ծնկների հատվածում ստացել է պարկանման ձև: Սամուրայ-արձանիկի ոտքերին տեսնում ենք տաբի (ճապոնական ավանդական գուլպաներ), որի բթամատն առանձնացած է մյուս մատներից, կամ ձիկա-տաբի (դրանք նույն գուլպաներն են, միայն թե պատրաստված ավելի դիմացկուն նյութից և ամուր տակացուից): Սամուրայի կուրծքը պաշտպանող նախշազարդ զրահի վրայից էլ տեսնում ենք ուսերն ընդգծող, ազդրերը ծածկող ոսկենախշ բաճկոն: Այն իրանին ամրացված է գոտիով (օբի) այնպես, որ երկու հակառակ կողմում ձևավորվում են թևիկներ: Գոտին հագուստի կարևոր ֆունկցիոնալ տարրերից է: Գոտու և գոտկատեղի միջնամասում խրված է ինքնապաշտպանության կամ ինքնասպանության (հարակիրի) համար նախատեսված կարճ դաշույնը (սյոտո), իսկ կողքից կախված է երկար թուրը (դայտո): Դեռ վաղ ժամանակներից ճապոնացիների համար թուրը համարվել է սրբություն՝ «ընծայված» արևի աստվածուհի Ամատէրասի կողմից՝ հանուն արդար գործի: Սամուրայ-արձանիկի ձեռքին սրածայր նիզակ է (սու-յարի): Նիզակի միջին երկարությունը եղել է 2-3 մ, իսկ հեծելազորից պաշտպանվելու համար նախատեսված նիզակներինը՝ մինչև 6,5 մ: Հանդերձանքի բաղկացուցիչ մասերից են սրունքները պաշտպանող սռնապանները, որոնք ևս ոսկեզօծ են: Սամուրայ-արձանիկի մուգ էմալով պատված դեմքի արտահայտությունը խիստ է և մարտական: Ունի թավ հոնքեր ու բեղեր: Սև, թեթև ռելիեֆային մազերը գլխի ետնամասում կապված են ոսկեզօծ օղակով: Սամուրայներն առանձնացել են նաև իրենց սանրվածքներով (սակայակի, կոբին, ձին, դեբիտայ և այլն): Մինչ Մեյձիի հեղափոխությունը՝ սանրվածքը հասարակության ոչ միայն տարբեր սոցիալ-մշակութային շերտերի, այլ նաև միևնույն ենթախմբի ներսում սոցիալական աստիճանը շեշտող ցուցիչ էր, և սահմանված կանոններից ցանկացած շեղում ենթակա էր խստագույն պատժի:
Ամբողջացնելով նկարագրությունը՝ պետք է նշել, որ սամուրայ-արձանիկը պտուտակի միջոցով ամրացված է կարմիր փայտից պատրաստված երկհարկանի քառանկյունաձև պատվանդանի (վերին հատվածի երկ.՝ 16,5 սմ, լայն. 11,5 սմ, ստորին հատվածի երկ.՝ 18սմ, լայն.՝ 13,5 սմ, ընդ. բարձր.՝ 17 սմ.) վրա, որի վերին հատվածը հարթ մակերես ունի, իսկ ստորինը զարդարված է փորագրված բուսանախշերով:
Արձանիկն ունի նաև իր համար նախատեսված փայտից պատրաստաված քառանկյունաձև տուփ՝ ետգցովի կափարիչով, որն ամրացված է տուփին երկու մետաղական ծղխնիով: Արտաքին կողմից պատված է սև գույնի ողորկ թղթով, ներսից՝ կարմիր և կապույտ կերպասով: Արձանիկը դրվում է հատուկ խորշի մեջ: Տուփի և կափարիչի առջևի մասում, կենտրոնում փոքրիկ գամերով ամրացված է մետաղե փականը՝ սրտաձև տերևի տեսքով (տուփի չափերը՝ 13x29x17 սմ):
Հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 840/ ՀԲ 913:
Ձեռք է բերվել բանաստեղծի ընտանիքից՝ Ակտ N 184, 28/09/1978 թ., գինը՝ 800 ռ.:
Հոդվածի համահեղինակներ՝
