Թումանյանը կյանքի վերջին տարիներին, երբ բավականին տկարացել էր, անբաժան էր իր տաք արևելյան խալաթից: Այն որքան հարմարավետ, նույնքան էլ գեղեցիկ էր: Առհասարակ, Թումանյանը բարձրաճաշակ մարդ էր և նրբորեն համադրում էր հանդերձանքի յուրաքանչյուր մասնիկ: Նվարդ Թումանանը իր հուշերում նշում է. «Ձմեռը քիրմանի շալե խալաթ էր հագնում՝ երկար ու լայնփեշ...» : Պահպանվել է Թումանյանների թիֆլիսյան բնակարանի պատշգամբում արված բանաստեղծի և Նվարդի սիրողական մի լուսանկար՝ Թումանյանի ծննդյան 50-ամյակի օրը (1919 թվականի փետրվարի 19-ին ), որտեղ Թումանյանը հենց այդ խալաթն է հագած (լուսանկարիչն է Մուշեղ Թումանյանը):
Խալաթը լայն տարածում ունի Միջին և Հեռավոր արևելքում`որպես վերնահագուստ։ Խալաթ բառը փոխառություն է արաբերեն خلعة (xil‘āt) և պարսկերեն خلعت(xel‘at) բառերից և նշանակում է «իբրև պարգև տրված հագուստ»։ Հնում արևելքի տիրակալները՝ ի նշան իրենց գոհունակության, խալաթով էին պարգևատրում արժանավորներին: Բարակ և երկար խալաթը ցերեկը մարմինը պաշտպանում է արևիճառագայթներից, իսկ գիշերը՝ ցրտից։
Թումանյանի խալաթն իսկական արևելյան խալաթ է, լայն, առանց ընդգծված գոտկատեղի, այնպես որ կարելի էր մի լավ փաթաթվել նրանով։ Թևքերն ասիական ոճի են, ուսերի հատվածում` առավել լայն: Խալաթի օձիքը ծալովի է, վրան ամրացված են օղաձև մերակ և կոճակ:Գործարանային արտադրանք է, պահպանել է իր վառ, արևելյան գույները և կտորի ամրությունը։ Փափուկ է և հարմարավետ: Կարված է թերմե (պարսկ. ترمه) կտորից, որն իրենից ներկայացնում է բրդե նուրբ գործվածք: Որակյալ կտոր ստանալու համար անհրաժեշտ է երկար մանրաթելերով լավ բուրդ: Այս կտորի արտադրությամբ հռչակված էր գլխավորապես Սպահանի շրջանը: Թերմեի որակը միշտ էլ գերել է բոլորին. հույն պատմաբաններից մինչև մերօրյա նորաձևության տները: Այսօր աշխարհում մեծ պահանջարկ ունի Յազդում արտադրված ձեռագործ թերմեն:
Թումանյանի խալաթի գործվաքն ունի մի ծայրը սրացող և կորացող եզրերով նշաձև բուսանախշեր, որ կոչվում է բոթե (պարսկ. بته): Նախշն արևելյան է, ստույգ հայտնի չէ, երբ և որտեղ է առաջին անգամ կիրառվել: Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ նրա հիմքում ընկած է նոճին՝ կյանքի և հավիտենականության խորհրդանիշը զրադաշտների մոտ: Մյուսներն այն պարզապես նմանեցնում են փետուրի, փասիանի թևի կամ բադամի` նուշի: Հինդուիզմում սերմի նմանվող այս նախշի ձևը խորհրդանշում է պտղաբերությունը: Նախշն ինչ որ չափով նման է նույնիսկ հայտնի Ին-Յան սիմվոլին:
Նախշի ծաղկային տարբերակն ի հայտ է եկել Սասանյան ժամանակաշրջանում, իսկ արդեն որպես կտորի նախշ լայնորեն սկսել է կիրառվել Ղաջարիների օրոք ու հասնելով մինչև մեր օրերը՝ մեծ կիրառում ստացել արևմտյան նորաձևության մեջ: Այդ ժամանակ պարսկական արքունիքն ու ազնվականությունը թերմե կտորից կարված խալաթներ էր հագնում, որոնք զարդարված էին բութա նախշերով: 15-րդ դարում բութեն Պարսկաստանից ներթափանցեց Քաշմիրի շրջան, որը հայտնի էր շալերի արտադրությամբ: Այն լայնորեն սկսեց կիրառվել շալերը նախշազարդելու մեջ: Հենց այստեղից էլ նախշը թափանցեց արևմտյան մշակույթ, քանի որ անգլիացի վաճառականները Հնդկաստանից կերպասեղեն և քաշմիրի շալեր էին ներմուծում Անգլիա:
Թումանյանի խալաթն ունի դեղին մետաքսե թելերով հյուսված պարանի տեսքով գոտի՝ ծայրերին ամրացված ծոպերով: Խալաթի ներսի կողմը երեսպատված է կապույտ սատինով: Ունի տաք միջուկ և երկու կողմից դեպի ներս կարված գրպաններ:
Խալաթը թանգարանին է նվիրել բանաստեղծի կինը 1952 թ. սեպտեմբերի 25-ի N5 ակտով, հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում՝ ԹԹԳԳ 181/ՀԲ 120: